Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ պետության դրամական աջակցություն կդրամադրի՝ ամսական 50 հազար դրամի չափով: Նախագիծն այսօր կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Նախագծի ընդունումը նպատակ ունի նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, մասնավորապես աջակցել և պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այն ընտանիքներին, որոնք պլանավորում են կարգաթվով 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդը: Նախագծով առաջարկվում էընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն ամսական 50 հազար դրամի չափով մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը: Որոշման դրույթները տարածվել են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ընդ որում՝ երկվորյակ կամ միաժամանակ ավելի թվով երեխաների ծնվելու դեպքում հաշվի է առնվելու բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը և կնշանակվի դրամական աջակցություն նոր ծնված բոլոր երեխաների համար»,-մանրամասնել է նախարարը։
Հիշեցնենք՝ բոլոր ընտանիքներում յուրաքանչյուր երրորդ և ավելի երեխայի՝ մինչև վեց տարեկանը, ամսական 50 հազար դրամ աջակցության տրամադրման դրույթը ամրագրված է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության ծրագրում։
Հաշվի առնելով 3 և ավելի երեխաների թվի՝ վերջին 5 տարիների տարեկան միջին աճի տեմպը՝ մոտ 5 տոկոս և ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվող հավելյալ տարեկան 3 տոկոս աճը, կանխատեսվում է, որ 3 և ավելի երեխաների թիվը 2020թ. 10131-ի դիմաց կավելանա տարեկան 8.14 տոկոսով կազմելով՝ 2022թ.՝ 10956, 2023թ.՝ 11844, 2024թ.՝ 12804, 2025թ.՝ 13848 և 2025թ.՝ 14976։