Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է 35.000 եվրո փոխհատուցում վճարել պատերազմի ժամանակ տեղահանված հայ ընտանիքին: Եվրադատարանի մեծ պալատը հրապարակել է նախադեպային՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով արդար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ որոշումը:
Հայցը ներկայացվել էր 2006թ.՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղահանված, Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանի կողմից: Հայցվորը, ով կյանքից հեռացել է 2009թ., նշել էր, որ իր տունը քանդել են, սեփական բնակավայրից իրեն բռնի արտաքսել, իսկ հայրենի գյուղ վերադառնալու ու այնտեղ թողած սեփականությունն օգտագործելու իր դիմումները՝ մերժվել:
Այսպիսով՝ ՄԻԵԴ-ի մեծ պալատի վճռով Ադրբեջանը Մինաս Սարգսյանի զավակներին՝ Վլադիմիր և Ծովինար Սարգսյաններին, ովքեր նշված գործով տուժողի իրավահաջորդներ են ճանաչվել, պետք է 35.000 եվրո նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարի:
Գումարը պետք է վճարվի վճռի կայացմանը հաջորդող 3 ամսվա ընթացքում:
Դատարանի վճռին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: