«էս ծաղիկի բուդկեն էստեղ դնենք, էս շինթույլտվությունը տանք, ասել եմ՝ բոլորը հավասար են օրենքի առաջ»․ Մարությանը բացահայտում է ՔՊ-ի հետ կապի խզման պատճառները - RadioVan.fm

Онлайн

«էս ծաղիկի բուդկեն էստեղ դնենք, էս շինթույլտվությունը տանք, ասել եմ՝ բոլորը հավասար են օրենքի առաջ»․ Մարությանը բացահայտում է ՔՊ-ի հետ կապի խզման պատճառները

2021-12-22 14:29 , Политика, 1303

«էս ծաղիկի բուդկեն էստեղ դնենք, էս շինթույլտվությունը տանք, ասել եմ՝ բոլորը հավասար են օրենքի առաջ»․ Մարությանը բացահայտում է  ՔՊ-ի հետ կապի խզման պատճառները

«Սիրելի՛ երևանցիներ, այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երևանի պատմության մեջ, առաջին դեպքն է, երբ Երևանի քաղաքապետին անվստաhություն են հայտնում: Այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային՝ ընդդեմ քաղաքապետի, օրինակ՝ բյուջեի խոշոր չափի հափշտակում կամ ինչ-որ այլ աշխատանքային կամ կենցաղային զարհուրելի հանցանք, բայց ինչպես ելույթներից հասկացանք, այդպիսիք չկային, ներկայացվող հիմնական պատճառը բոլորովին այլ է, ինչպես նախաձեռնող խումբն է ասում՝ քանի որ ես դուրս եմ եկել «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունից, ապա պետք է լքեմ նաև այս պաշտոնը: Եկեք հասկանանք, դա այդպես է թե ոչ»,-այդ մասին այսօր գումարված Երևանի ավագանու արտահերթ նիստում, որում քննարկվում է իշխող «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը, ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա ասաց, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո սպասել է, որ երկրում իրավիճակը հանդարտվի, կայունանա և նոր դեկտեմբերի 7-իններկայացրել է կուսակցությունից դուրս գալու դիմումը, որը հանձնել է Սուրեն Պապիկյանին՝ ասելով, հրապարակային չի ասի այդ մասին, և որևէ քաղաքական ուժ իր քաղաքական նպատակների համար չպետք է փորձի շահարկել դա։

«Ասել եմ՝ դուք կխոսեք սրա մասին այն ժամանակ, երբ ձեզ հարմար կլինի։ Ինչպես տեսնում եք՝ ես իմ խոսքը պահել եմ, և նրանք այս մասին խոսել են, երբ իրենց հարմար է եղել, երբ ինձ անվստահություն են հայտնել»,-ասաց Մարությանը՝ պարզաբանելով, որ այս ամենի մասին լռել է ներքաղաքական իրավիճակը չսրելու համար, բայց այսօր ՔՊ թիմը համարում է, որ պետության վիճակն այնքան կայուն է, որ շատ հարմար պահ է քաղաքապետարանում հեղաշրջում անելու համար։

Մարությանը հիշեցրեց՝ 2018-ին Երևանի քաղաքապետի ընտրության ժամանակ ժողովուրդն ընտրել է «Իմ քայլը» հեղափոխական դաշինք, միչդեռ այսօր իրեն անվստահություն հայտնելու գործընթացը նախաձեռնող խումբը որպես անվստահության հիմք ասում է, թե ինքը դուրս է եկել «Իմ քայլը» դաշինքից»։

Մարությանը հայտարարեց՝ ինքը դուրս է եկել ՔՊ-ից, բայց դուրս չի եկել «Իմ քայլը» դաշինքից, հետևաբար, վերոնշյալ պնդումը, ըստ նրա, ուղղակի կեղծիք է

«Այս մարդիկ փորձում են սեփականաշնորհնել հեղափոխությունը, փորձում ենՔՊ կուսակցությունը դարձնել հեղափոխության արժեքների միակ կրողն ու ժառանգորդը, ինչը անընդունելի է ինձ համար և ինձ նման հազարավոր մարդկանց համար, որոնք կուսակցական չեն և հեղափոխություն են իրականացրել ավելի լավ Հայաստանի երազանքով»,- նշեց քաղաքապետը:

Մարությանն իր ելույթում անդրադարձավ նաև իշխող խմբակցության այն հայտարարություններին, թե ինքը շեղվել է հեղափոխական արժեքներից։

«Հիմա արեք տեսենք, թե ով է շեղվել։ Ես կարծում էի, որ հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը, բայց իրականության մեջ նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրենց կյանքը»,- նշեց Մարությանը՝ բացահայտելով, թե ինչու է խզվել իր և ՔՊ-ի կապը:

«Աշխատանքի ընթացքում բազմաթիվ զանգեր էին ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից, որոնք ասում էին՝ «Պարոն Մարության, քաղաքապետարանի էսինչ աշխատակիցը ինչ-որ վատ «քոմենթ» է գրել, կամ վատ ստատուսի տակ «լայք» է դրել, իրենք պետք է աշխատանքից հեռանան»։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել։

Ինչին ի պատասխան ասել եմ՝ «Ժողովուրդ ջան, հարգելիներս, հեղափոխությունը, ախր, նաև դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման չլինի, որ քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում էին, աշխատանքից հեռացնում էին։ Ասում էի՝ ցավներդ տանեմ, ախր, երկիրը Ֆեյսբուքով չեն կառավարում, ախր, ամեն ինչ Ֆեյսբուքով չի սկսվում ու վերջանում։ Հարազատներ ջան, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ եկել այստեղ, ես գործով եմ զբաղված։ Կարճ ասած՝ մերժում էի նման բոլոր առաջարկները»,-իր իրականությունը ներկայացրել Հայկ Մարությանը՝ շեշտելով սա դեռ ծաղիկներն էին։

«Հետո սկսեցին տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել, իրենց մերձավորների համար նման արտոնություններ խնդրել․ էս ծաղիկի բուդկեն էստեղ դնենք, էս շինթույլտվությունը տանք, սա էսքան հարկ ավելացնենք, էս հողը․․․և, բնականաբար, բոլորի դեպքում ստացել են նույն պատասխանը «Քանի ես դեռ էստեղ եմ ամեն ինչ արվելու է օրենքի ու օրինականության շրջանակում, և բոլորը հավասար են օրենքի առաջ»։ Սա շատ տհաճ ազդակ էր ինձ համար, ես այդպիսի զանգեր չէի սպասում, երբ միանում էի թիմին։

Սկսեց ի հայտ գալ իմ և ՔՊ-ի միջև աշխարհայացքների խզումը։ Ու հիմա այս մարդիկ ասում են՝ Հայկը հեղափոխությունից շեղվել է։ Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար էս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում, ու ամբողջ քաղաքական թիմով 1 ամիս շարունակ լծվում են արդարացնելու էդ որոշումը, որ ցույց տան, թե ինչքան անհրաժեշտ որոշում էր դա պետության համար։ Պատկերացնու՞մ եք՝ մի երկիր, որը 30 տոկոս աղքատություն ունի, որը իր միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու, իր ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար»,-ՔՊ-ի հետ կապերը խզելու իր փաստարկները թվարկեց Մարությանը։

Մարությանին անվտահություն հայտնելու և նոր քաղաքապետ ընտրելու հարցի վերաբերյալ հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть