ՀՀ-ն ու Վրաստանը փորձելու են մինչև 2026-ը առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ն ու Վրաստանը փորձելու են մինչև 2026-ը առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի․ Փաշինյան

2021-12-20 19:15 , Политика, 1135

ՀՀ-ն ու Վրաստանը փորձելու են մինչև 2026-ը առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի․ Փաշինյան

Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների արտաքին քաղաքական, տնտեսական, պաշտպանական և այլ ոլորտները համակարգող գերատեսչությունների ղեկավարները:

Նիստի սկզբում ողջույնի խոսքով հանդես են եկել նախ Վրաստանի, ապա Հայաստանի կառավարությունների ղեկավարները:

Իր խոսքում Իրակլի Ղարիբաշվիլին, նշելով, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալել հայ գործընկերոջը Վրաստանում, հիշեցրել է, որ սա այս տարվա ընթացքում Փաշինյանի երկրորդ այցն է Վրաստան, երկու անգամ էլ ինքն է եղել Հայաստանում:

Ղարիբաշվիլիի խոսքով՝ իրենք շահագրգռված են, որ երկու երկների միջև առկա շատ սերտ, բարեկամական հարաբերությունները նպաստեն իրական գործին` զարգացնելու առևտրատնտեսական կապերը, խոսելու տարածաշրջանային, ենթակառուցվածքների և այլ նախագծերի մասին, որոնք հետաքրքիր կլինեն մեր երկրներին:

«Ցանկանում եմ նշել, որ մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում է բարձր մակարդակի վրա, հպարտությամբ և հաճույքով ուզում եմ ասել, որ նման հարաբերություններ մեր երկրների միջև չեն եղել: Միշտ ունեցել ենք սերտ, բարեկամական հարաբերություններ, բայց մեր վաստակն է այն, որ մեր կառավարությունների, երկրների միջև ոչ մի չհասկացված հարց չկա, ունենք իդեալական հարաբերություններ:

Ցանկանում եմ նշել նաև, որ հետաքրքրված ենք տարածաշրջանային խաղաղությամբ ու կայունությամբ: Վրաստանը միշտ մոտիվացված է այս գործընթացում ստանձնելու կարևորագույն դերակատարություն և այդ նպատակով ես խաղաղ հարևանության նախաձեռնությունն եմ հնչեցրել: Պարոն վարչապետ, հաստատում եմ, որ մենք մշտապես պատրաստ ենք տարածաշրջանի մասշտաբով խաղաղության և կայունության զարգացման գործում մեր ներդրումը բերելու»,-ասել է Ղարիբաշվիլին:

Իր հերթին Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերներին` ավանդական ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ արձանագրել, որ, չնայած դժվարություններին, այսօր երկու երկրների հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ և հաջողություններ արձանագրել ամենատարբեր ոլորտներում։

«2019 թվականին Վրաստանի հետ մենք հավակնոտ նշաձող սահմանեցինք՝ խնդիր դնելով երկկողմ առևտրաշրջանառության ծավալը միջնաժամկետում հասցնել տարեկան 1 միլիարդ դոլարի: Կորոնավիրուսի համավարակն արգելակեց այս գործընթացը, բայց հիմա, երբ սովորում ենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, առաջարկում եմ վերահաստատել այս մտադրությունը, վարչապետ Ղարիբաշվիլիի հետ արդեն քննարկել ենք և փորձելու ենք մինչև 2026 թվականը մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի:

Սա չափազանց կարևոր ու հավակնոտ խնդիր է, որը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ներդնել դրամատիկ ջանքեր: Ճիշտ է, այս տարվա առաջին 10 ամիսների մեր փոխադարձ առևտրի ցուցանիշն արդեն իսկ գերազանցել է նախորդ երեք տարիների տարեկան ցուցանիշը, բայց մենք դեռ շատ հեռու ենք 1 միլիարդի նշաձողից ու պետք է լրջորեն աշխատենք այս ուղղությամբ:

Մենք խորապես համոզված ենք, որ մեր տնտեսական համագործակցությունն ունի այսպիսի ներուժ, և մեր խնդիրն է նպաստել դրա լիարժեք բացահայտմանն ու կյանքի կոչմանը: Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը վերոնշյալի իրականացման լավագույն հարթակներից է և վերը նշված նշաձողին հասնելուն ուղղված կարևորագույն քայլերից է այն, որ հիմա արդեն հանձնաժողովը համանախագահում են երկու երկրների ղեկավարները, ինչը նույնպես աննախադեպ է:

Միջկառավարական հանձնաժողովի այս նիստի անցկացումը նախանշված էր դեռևս նախորդ տարի և տեղի չունեցավ համավարակով պայմանավորված, այդուհանդերձ երկկողմ շփումները թե՛ ամենաբարձր և թե՛ ոլորտային պատասխանատուների մակարդակով շարունակել են ընթանալ նախանշված դինամիկ ուղիով:

Այսօր մեր երկկողմ օրակարգը ներառում է բազմաթիվ ոլորտներ, իսկ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները նպաստում են մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանմանը, ինչի կարևորության մասին վարչապետ Ղարիբաշվիլին արդեն խոսեց: Ինչ վերաբերում է առևտրատնտեսական համագործակցությանը, ապա այս ոլորտում ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ բնագավառներ:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության խորացման կարևորագույն նախադրյալներից է փոխվստահությունը, որը խարսխված է մեր ժողովուրդների պատմական եղբայրության վրա։

Մի փոքր շեղվելով պաշտոնական արարողակարգից, պիտի ընդգծեմ մեր հարաբերությունների մարդկային և էմոցիոնալ հարթությունը: Ընդ որում, սա վերաբերվում է ոչ միայն վարչապետ Ղարիբաշվիլիին և իմ հարաբերություններին, այլև մեր կառավարությունների բազմաթիվ անդամների հարաբերություններին: Հենց նոր հնչեցված այն թեզը, որ մեր ժողովուրդները դարերից եկող եղբայրական կապեր ունեն, այսօր, հենց հիմա արտահայտվում է մեր կառավարությունների ոչ միայն պաշտոնական, այլև մարդկային հարաբերությունների մակարդակում:

Կա մարդկային, անձնական լուրջ փոխվստահություն և հարգանք ու մենք պիտի արժևորենք ու ամրացնենք այդ վստահությունը և հարգանքը:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ղեկավարների հանդիպումները պարբերական են, և մենք հնարավորություն ենք ունենում անդրադառնալու երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգին։ Երկկողմ ֆորմատով Վրաստանի վարչապետի հետ մենք այս տարի հանդիպել ենք արդեն չորս անգամ: Նման դինամիկա մեր երկրների հարաբերությունների մեջ նախկինում երբեք չի եղել և մեր մեծագույն խնդիրն է այս ամենի արդյունքում տնտեսական փոխգործակցության նոր մակարդակ ձևավորել: Ուզում եմ ընդգծել նաև, որ մենք մեր քաղաքական հարաբերությունների ավանդական բարձր մակարդակն առավել ինստիտուցիոնալ դարձնելու կարիք և անհրաժեշտություն ունենք»,-իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ վարչապետը։

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախանշվել երկու կառավարությունների ոլորտային գերատեսչությունների առաջիկա քայլերն ու ծրագրերը:

Նիստի արդյունքներով երկու երկրների վարչապետները ստորագրել են Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը:

Лента

Рекомендуем посмотреть