Էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից միջինը 4.7 դրամով ավելացնելու անհրաժեշտություն է առաջացել․ՀԾԿՀ-ն քննարկում է կազմակերպել - RadioVan.fm

Онлайн

Էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից միջինը 4.7 դրամով ավելացնելու անհրաժեշտություն է առաջացել․ՀԾԿՀ-ն քննարկում է կազմակերպել

2021-12-21 16:17 , Политика, 1091

Էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից միջինը 4.7 դրամով ավելացնելու անհրաժեշտություն է առաջացել․ՀԾԿՀ-ն քննարկում է կազմակերպել

«2022թ փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել վերանայել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները»,-այդ մասին հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)՝ ընդգծելով, որ եզրահանգումն արվել է սեպտեմբերի 25-ից սկսված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում։

Ըստ ՀԾԿՀ վերլուծության՝ գործող սակագների պարագայում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կազմում է 23.8 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի), և միջինը 4.7 դրամ/կՎտժ-ով սակագների վերանայման անհրաժեշտություն է առաջացել։

Հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին, էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում է կազմակերպել՝ սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների, այդ թվում՝ մատակարարի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանձնաժողովից մանրամասնում են, որ սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջացող ֆինանսական 23.8 մլրդ դրամ ճեղքվածքի առաջացման հիմնական գործոններն են՝

1) ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվող համաձայնագրով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը։ Մասնավորապես, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև դեռևս 02.12.2013թ. ստորագրված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել էր ապահովել «Հրազդան-5» կայանում ռուսական «Գազպրոմ» ընկերության կատարած ներդրումների վերադարձը և համապատասխան եկամտաբերության ներքին նորմա, մինչդեռ ընկերության կատարած ներդրումները ոչ միայն hետ չեն գնվել, այլև կայանի վերակառուցման համար ներգրավված վարկային պարտավորություններն ավելացել են։ Առաջացած խնդրի շուրջ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 10 տարվա ընթացքում՝ սկսած 01.02.2022թ-ից, ապահովել «Հրազդան-5» կայանի բնականոն գործունեությունը՝ հզորության վճարի տեսքով ընկերությանը տրամադրելով տարեկան 31.79 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ։ Միևնույն ժամանակ, նշված պայմանավորվածությունների շրջանակում հնարավորություն է ստեղծվում առաջիկա 10 տարիների ընթացքում ունենալ ՌԴ-ից բնական գազի ներկրման կայուն գին՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում 165 ԱՄՆ դոլար/հազար խմ (գնի փոփոխություն տեղի է ունենում փաստացի կալորիականության հաշվառման մեխանիզմի ներդրման արդյունքում։

2) Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերություններում՝ առավելապես «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում, զգալիորեն ավելացել են ՀՀ կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման ծախսերը։

Առաջարկվում է սակագնի՝ 4.7 դրամ/կՎտժ ավելացման պարագայում՝

-սոցիալապես անապահովների համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 11%-ը) սակագները թողնել անփոփոխ,

-ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագներն ավելացնել 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն),

-ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագներն ավելացնել 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն),

- մնացած սպառողների համար սակագներն ավելացնել 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Հիշեցնենք՝ հանրապետությունում 2022 թվականի հունվարի 1-ից թանկանում է նաև ջուրը․ սպառողները մեկ խորանարդ մետրի ջրի դիմաց ներկայիս 180 դրամի փոխարեն վճարելու են 223,7 դրամ, անապահով խավի համար սակագինը չի փոխվի։

Лента

Рекомендуем посмотреть