Դեկտեմբերի 22-24-ն աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը երկրի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության հետ հանդիպելու և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը քննարկելու համար։
ՀԱՊԿ պաշտոնական կայքի հրապարակումից տեղեկանում ենք, որ այցի ընթացքում նախատեսված է հանդիպում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2021 թ. սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների իրականացման և ՀՀ նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների գծով նախատեսված միջոցառումների նախագիծը:
Սպասվում է նաև, որ Ստանիսլավ Զասը բանակցություններ կվարի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: