Հարավային Կովկասի հարցերով խորհրդատվական «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում:
Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ հույս ունեն, որ դրան կմասնակցի նաև Վրաստանը։
Հիշեցնենք՝ հարթակի առաջին հանդիպումը՝ փոխարտգործնախարարների մակարդակով, կայացել էր դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում, որին, սակայն, Վրաստանը չէր մասնակցել, ու անընդունելի էր համարել իր դրոշի օգտագործումը «3+2»-ի մոսկովյան հանդիպմանը։
Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ«3+3» համագործակցության հարթակի ստեղծումը Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկն է։ Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այս գաղափարը, Վրաստանը՝ հայտարարել, որ չի նախատեսում մասնակցել տարածաշրջանային այս նախաձեռնությանը։ Պաշտոնական Երևանն էլ հայտարարել, ապա մոսկովյան հանդիպմանը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ «տարածաշրջանային խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից»։»։