«Հայաստանը պետք է անարգել անցում ապահովի Զանգեզուրի միջանցքով»,-այդ մասին այսօր Բաքվում կայացած «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» համաժողովում ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ով հիշեցնենք, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբի անդամ է
«Ինչպես նախագահ Իլհամ Ալիևն է ասել, Զանգեզուրի միջանցքը պետք է գործի Լաչինի միջանցքի նման։ Եռակողմ հայտարարություններում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանը ապահով անցում է ապահովում Լաչինի միջանցքով, և Հայաստանը պետք է մեզ ապահովի նույն անարգել անցումը Զանգեզուրի միջանցքով։
Մինչ օրս Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Նույնը պետք է լինի Զանգեզուրի միջանցքում։ Եթե նրանք պնդեն, որ Զանգեզուրի միջանցքով ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու համար մաքսակետեր տեղադրվեն, ապա նույն պայմանները մենք կպնդենք Լաչինի միջանցքում»,-Մուստաֆաևի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 14-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսին, Ադրբեջանի նախագահն անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցք»-ին՝հայտարարելով, թե այն «պետք է գործի Լաչինի միջանցքի պես»: Ալիևը շեշտել էր, թե եռակողմ հայտարարություններում «բացահայտ ասվում է, որ Ադրբեջանն ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք», հետևաբար, ըստ նրա, Հայաստանն իրենց նույնպես պետք է մուտք տա դեպի «Զանգեզուրի միջանցք»։ Նա տրամաբանական էր համարել Հայաստանի կողմից «Զանգեզուրի միջանցք»-ում մաքսակետեր տեղադրելու դեպքում Լաչինում նույնկերպ անելը։
Մինչդեռ, ընդգծենք, հայաստանյան իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին որևէ հարց չի քննարկվում, ինչը, ըստ ՀՀ արտգործնախարարության, հերթական անգամ հերքվել է նոյեմբերի 26-ի Սոչիի՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հայտարարությամբ։
Օրերս էլ, անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի բացման կոնկրետ ժամկետ նշելու»՝ Անդրբեջանի նախագահ Ալիևի պահանջին, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ այն հետապնդում է ապակառուցողական և սադրիչ նպատակներ, սպառնալիք է պարունակում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ։