«Բավարար չեն, սակայն շոշափելի աճ է»․ Փաշինյանը՝ հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների ավելացման մասին - RadioVan.fm

Онлайн

«Բավարար չեն, սակայն շոշափելի աճ է»․ Փաշինյանը՝ հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների ավելացման մասին

2021-12-16 18:11 , Политика, 1125

«Բավարար չեն, սակայն շոշափելի աճ է»․ Փաշինյանը՝ հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների ավելացման մասին

Գործադիրն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելուն նպաստելու համար։

ՀՀ կառավարության ծրագրի համաձայն, պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ: Այս ծրագրային դրույթին համապատասխան, գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ ապահովելու նպատակով պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար ավելացումը ՀՀ 2022-2024թթ. ՄԺԾԾ-ով սահմանված սոցիալական ոլորտի ծախսային գերակայություններից մեկն է:

Ըստ այդմ, առաջարկվում է 2022 թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել 28600 դրամ (26500 դրամի փոխարեն), պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը. առաջին խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 43000 դրամ (40000 դրամի փոխարեն), երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 33000 դրամ (33000 դրամի փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն), պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն)։ Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 28600 դրամ (26500 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37000 դրամ (26500 դրամի փոխարեն)։

Մեկ այլ որոշմամբ նախատեսվում է մինչև երեխայի 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացում։ Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից խնամքի նպաստի չափը ավելացնել 2100 դրամով՝ սահմանելով 28600 դրամ, իսկ գյուղական բնակավայրերում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կսահմանվի 57200 դրամ:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեև բավարար չեն կենսաթոշակների բարձրացման չափերը, սակայն եղած բազայի վրա, դա տոկոսային բավականին շոշափելի աճ է:

«Արձանագրենք հետևյալը` կենսաթոշակը մեր ծախսային ամենամեծ հոդվածներից է։ Իհարկե, կենսաթոշակների շարունակական բարձրացումը մեր պարտավորությունն է, բայց մյուս կողմից ուզում եմ ընդգծել, որ այդ պարտավորությունն առավել արդյունավետ դարձնելու միջոցը տեսնում ենք առավել արդյունավետ և առավել զարգացող տնտեսություն ունենալու մեջ, որովհետև տնտեսությունն է գեներացնում այն գումարները, որոնք մենք հնարավորություն ենք ունենում ծախսել սոցիալական կարիքների վրա: Նվազագույն կենսաթոշակները ոչ դարակազմիկ չափով ենք մեծացնում, բայց այս տարվանից օրինակ գիտության ոլորտում դարակազմիկ չափերով աշխատավարձեր ու ֆինանսավորում ենք ավելացնում: Մենք հույս ունենք, որ կրթության և գիտության տեխնոլոգիաների ոլորտում արված ներդրումներն ի վերջո շղթայորեն բերելու են այնպիսի արդյունքի, որը հնարավորություն կստեղծի ավելի արդյունավետ սոցիալական ապահովության համակարգ ունենալու համար: Ավարտվում է 2021 թվականը, 2022 թվականին մենք հավակնոտ նշաձող ենք դրել տնտեսական աճի. պետք է կենտրոնացնենք մեր ուժերը, որպեսզի ապահովենք տնտեսական աճի այն ցուցանիշը, որը որպես նշաձող մեր առջև դրել ենք»,-նշել է վարչապետը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ կառավարության հաջորդ նիստին կներկայացվի նաև երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային մինչև 6 տարեկան դառնալը տրվող աջակցության՝ ամսական 50 հազար դրամ տրամադրելու մասին որոշման նախագիծ: «Սա նույնպես ժողովրդագրության, ծնելիության աճին միտված նախագիծ է, որը 2022 թվականի հունվարի 1-ից նույնպես կմտնի ուժի մեջ: Մի հետաքրքիր փաստ էլ եմ ցանկանում արձանագրել. վերջին տարիներին կա միտում՝ ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդներով պայմանավորված: Կարծում ենք, որ սա տեղի է ունենում կառավարության մի շարք ծրագրերի իրականացման շնորհիվ: Դրանցից են՝ երեխայի ծնունդով պայմանավորված միանվագ նպաստների բարձրացումը, գյուղական բնակավայրերում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրումը՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, ինչպես նաև երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների հիպոթեկին ուղղված ծրագրերը»,-ասել է նախարարը:

Կառավարության ղեկավարն այդ համատեքստում անդրադարձել է կրթությունը հասանելի դարձնելու ծրագրին:

«Ծնելիությունը խթանելուն ուղղված ծրագրեր ենք իրականացնում, բայց, հատկապես գյուղական վայրերում, մենք ունենք կրթության հասանելիության խնդիր: Եթե երեխան պատշաճ կրթություն չստանա, ապագայի համար նոր սոցիալական խնդիրներ կստեղծվեն»,-ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է պատշաճ կրթություն ստանալու կարևորությունը, որի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներն արդեն իսկ իրականացվում են՝ մանկապարտեզների, դպրոցների կառուցում, ուսուցիչների կամավոր ատեստավորում և այլ քայլեր: «Սրան ավելացնենք նաև այն, ինչ ասացի սկզբում՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը և այն, ինչի մասին խոսել ենք ընտրություններից առաջ և հետո, Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր օրակարգը: Այս բոլոր հարցերն ունեն շատ լուրջ բարդություններ: Եթե այդ ամենը հեշտ լուծելի լիներ՝ վաղուց լուծված կլիներ: Բայց մենք դա համարում ենք մեր քաղաքական պարտավորությունը, եթե կուզեք՝ քաղաքական առաքելությունը՝ մենք, այո՛, այս փոթորկված օվկիանոսում մեր սիրելի հայրենիքը, այլաբանորեն ասած՝ մեր նավը, պետք է հասցնենք խաղաղ նավահանգստի»,-ասել է վարչապետը:

Лента

Рекомендуем посмотреть