Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։ Հանդիպումից հետո կողմերը հայտարարել են, որ վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ է հայտնել այդ մասին՝ նշելով․
«Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն»։
Փաշինյանը, միաժամանակ, հայտնել է շփումները շարունակելու պայմանավորվածության մասին։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել է մեկնել դեկտեմբերի 15-ին։ Կառավարության լրատվական վարչության փոխանցամբ՝ նա, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ առանձնազրույցից և եռակողմ հանդիպումից զատ, Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության 6-րդ գագաթնաժողովին, որի շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ եվրոպական գործընկերների հետ։