ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին և Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին:
Խորհրդարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Իշխան Սաղաթելյանը շնորհավորել է դեսպան Ռիխտերին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի հայ-գերմանական հարաբերություններին:
Հայաստանը շահագրգռված է երկկողմ արդյունավետ համագործակցության զարգացմամբ, և ԳԴՀ-ն՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար. ասել է ԱԺ փոխնախագահը:
Նա փաստել է՝ Հայաստանը գտնվում է դժվարին ժամանակաշրջանում, և այս համատեքստում կարևոր է Գերմանիայի՝ որպես ԵՄ անդամ երկրի դերակատարությունը հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում:
«Մենք ծանոթ ենք և՛ արտգործնախարարի դիրքորոշմանը, և՛ Բունդեսթագում տեղի ունեցող քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ, որի համար շնորհակալ ենք»,-ընդգծել է Իշխան Սաղաթելյանը:
Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին: ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ագրեսիան և ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են՝ ԼՂ հակամարտությունը լուծված չէ, այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը:
«Չպետք է դադարեցնենք մեր ջանքերը գործադրել՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,-շեշտել է Մաթիաս Լյութենբերգը՝ իր հերթին բարձր գնահատելով հայ-գերմանական ներկայիս հարաբերությունները՝ նշելով, որ դրանց զարգացման մեծ ներուժ կա տարբեր ոլորտներում: Հյուրի խոսքով՝ նոր ձևավորված Բունդեսթագը, ինչպես նաև Գերմանիայի կառավարությունը շահագրգռված են՝ սերտացնելու Հայաստանի հետ հարաբերությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների, սահմանազատման և սահմանագծման, հնարավոր ներդրումների, հայաստանյան ներքաղաքական հարցերի վերաբերյալ: