Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) «անընդունելի» է անվանել Մոսկվայում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած «3+3», իսկ փաստացի՝ «3+2» ձևաչափով բանակցություններին իր դրոշի օգտագործումը, քանի, որ նախապես հրաժարվել էր «3+3» ձևաչափով հանդիպման մասնակցությունից։
«Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ներկայացվել էր նաև վրացական դրոշը, ինչը, բնականաբար, անընդունելի է մեզ համար, և որին մենք արձագանքեցինք՝ օգտագործելով համապատասխան դիվանագիտական խողովակները»,-Վրաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունն է մեջբերում «Գռուզիա Օնլայնը»-ը։
Հաղորդագրությունում ընդգծվում է, որ վրացական կողմը բազմիցս հայտարարել է իր հստակ դիրքորոշումը, որի համաձայն՝ չի դիտարկվում «3+3» տարածաշրջանային ձևաչափին մասնակցությունը։
Հիշեցնենք՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) մասնակցությամբ տարածաշրջանային «3+3» ձևաչափ ստեղծելու մասին առաջարկն արել է թուրք-ադրբեջանական կողմը՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Այն պետք է ընդգրկի Իրանը և Ռուսաստանը ողջունել էին նախաձեռնությունը։ Վրաստանը հայտարարել էր, որ չի մասնակցի «վեցի նախաձեռնության» հարթակին. դեմ լինելով այս ձևաչափին, մեր հարևան պետությունն առաջարկել է նոր հարթակ՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան: Իսկ Հայաստանի դիրքորոշումը «3+3»-ին, ինչպես հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն է, որ ձևաչափը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մեր երկիրն արդեն համաձայնեցված քննարկում է այլ ձևաչափերով:
Չնայած փաստին, որ Վրաստանը, նախապես արված հայտարարության համաձայն, ներկայացված չէր տարածաշրջանային նոր հարթակի՝ «3+3»-ի դեկտեմբերի 10-ի առաջին հանդիպմանը, Մոսկվայում այդ օրը հանդիպեցին Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի ու ՌԴ փոխարտգործնախարարները։ Իրականում կայացած «3+2»-ի նիստին Հայաստանը վերահաստատել է այս հարթակի վերաբերյալ իր դիրքորոշումն, ըստ որի՝ «տարածաշրջանային խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից»։