«Տոնոյանին այդպիսի մեղադրանք առաջադրված չէ»․ փաստաբանական խումբը՝ վարույթն իրականացնող մարմնի գործողությունների անհիմն լինելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Տոնոյանին այդպիսի մեղադրանք առաջադրված չէ»․ փաստաբանական խումբը՝ վարույթն իրականացնող մարմնի գործողությունների անհիմն լինելու մասին

2021-12-14 17:11 , Право, 1369

«Տոնոյանին այդպիսի մեղադրանք առաջադրված չէ»․ փաստաբանական խումբը՝ վարույթն իրականացնող մարմնի գործողությունների անհիմն լինելու մասին

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին առաջադրված չէ առանձնապես խոշոր՝ 4.7 մլն դոլարի հափշտակություն /վատնում/ կատարելու մեղադրանք»՝շեշտում է Դ.Տոնոյանին փաստաբանական խումբն այսօր տարածած հայտարարությունում։

Փաստաբանական խումբը, մասնավորապես, հայտնում է․

«Ստացել ենք Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը: Վերահաստատում ենք, որ այն ամբողջությամբ անհիմն է, չփաստարկված և չպատճառաբանված, որի կապակցությամբ մանրամասն մեր առարկությունները ներկայացնելով՝ այն բողոքարկել ենք վերաքննության կարգով: Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Տիգրան Սիմոնյանին, և դատական նիստ է նշանակվել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին:

Ինչպես արդեն նշել էինք, վարույթն իրականացնող մարմինը անկատար է թողել նշանակված դատանյութագիտական, պայթյունատեխնիկական-ապրանքագիտական համալիր փորձաքննությունը և դրա փոխարեն նշանակել է դատատեխնիկական փորձաքննություն: Դրա հետ միասին մինչ օրս Դավիթ Տոնոյանի մեղադրանքի վերաբերյալ քրեական գործով որևէ ապացույց ձեռք չի բերվել, և հակառակը, սպառազինության պահպանման և շահագործման ցուցանիշների վերաբերյալ համապատասխան փորձաքննություն իրականացնելու մեր միջնորդությունը մերժվել է:

Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ փորձագետի եզրակացության մեջ և ամբողջ քրեական գործում շրջանառվում են սպառազինության շահագործման և պահպանության ժամկետների վերաբերյալ ՀՀ-ում չգործող, ՀՀ օրենսդրությամբ չվավերացված և չնախատեսված իրավական ակտեր և փաստաթղթեր, որոնք ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ որևէ կերպ չեն կարող դրվել որևէ մեկի, այդ թվում՝ Դավիթ Տոնոյանի մեղադրանքի կամ քրեական պատասխանատվության հիմքում:

Դրանք ԽՍՀՄ և ՌԴ ներքին, ներպետական օգտագործման փաստաթղթեր են, որոնք երբեք չեն վավերացվել ՀՀ-ում և լավագույն դեպքում կարող են ունենալ զուտ խորհրդատվական նշանակություն: Դրան հակառակ, սպառազինության գնման գործարքից շատ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունում արձակվել է նախարարի համապատասխան հրաման, որով կարգավորվել են զինամթերքի պահպանությանկամ շահագործման ժամկետների հետ կապված հարցերը, ինչն էլ դրվել է 2018 թվականին կատարված գնման հիմքում:

Սա գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ գործ ունենք ոչ օբյեկտիվ քննության հետ, վարույթն իրականացնող մարմինը փաստերի յուրովի և երբեմն իրականությունից կտրված մեկնաբանություններով, բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում է հիմնավորել Դավիթ Տոնոյանի առնչությունը մեղսագրվող արարքին և նրան պահել կալանքի տակ»:

Հիշեցնենք՝ ս․թ․ սեպտեմբերի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնեց, որ 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ առավել հայտնի «Պատրոն Դավո» մականվամբ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ձերբակալվել են և այդ քրեական գործով ներգրավվել որպես մեղադրյալ: Նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Տոնոյանին և Գալստյանին 2 ամսով կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, որն արդեն երկարաձգվել է ևս երկու ամսով։

Лента

Рекомендуем посмотреть