Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ մոտ 1 ամիս առաջ իրեն դիմել է 44-օրյա պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած քաղաքացի՝ տեղեկացնելով իր նկատմամբ իրականացրած անարդարացի վերաբերմունքի և կամայականությունների մասին։
Պատգամավորը նշում է, որ ահազանգի հիման վրա գրություն է ուղարկել պաշտպանության նախարարին, սակայն «օրենքի խախտմամբ, մինչև հիմա գրությունը մնացել է անպատասխան։
«Այսինքն՝ իշխանության համար մարդիկ կարևոր են միայն զորակոչվելու և պատերազմ տանելու համար, իսկ վիրավորում ստացած անձանց խնդիրը կարող է անտեսվել և օրենքի խախտմամբ մնալ անպատասխան։
Իսկ ինչո՞վ է զբաղված պաշտպանության նախարարը։ Ներքաղաքական բնույթի հաղորդագրությունների պատրաստմա՞մբ, անհետ կորածների և գերեվարվածների մասին իր իսկ գործընկերների հայտարարությունների լուռ ընդունմա՞մբ։
Գոնե հիշեք, որ պատերազմը չի ավարտվել և երկրի պաշտպանությունը նույն անտեսված մարդկանց ուսերին է»,-գրառումը եզրափակել է ընդդիմադիր պատգամավորը։