Մոսկվայում կայացած «3+2»-ի նիստին ՀՀ-ն վերահաստատել է այս հարթակի վերաբերյալ իր դիրքորոշումը - RadioVan.fm

Онлайн

Մոսկվայում կայացած «3+2»-ի նիստին ՀՀ-ն վերահաստատել է այս հարթակի վերաբերյալ իր դիրքորոշումը

2021-12-10 22:50 , Политика, 1031

Մոսկվայում կայացած «3+2»-ի նիստին ՀՀ-ն վերահաստատել է այս հարթակի վերաբերյալ իր դիրքորոշումը

Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի նախարարության հրավերով Մոսկվայում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական՝ փաստացի «3+2» հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ) հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք ներառել են տնտեսության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար բնագավառներին վերաբերող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանային խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունները՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքների հարգման և ներգրավման անհրաժեշտության վրա։

Նշենք՝ այսօր Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) փոխարտգործնախարարների մասնակցությամբ տարածաշրջանային նոր հարթակի առաջին հանդիպման մասին հայտնի էր դարձել երեկ՝ Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունից: 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկած «3+3» ձևաչափը պետք է ընդգրկեր նաև Վրաստանը։ Մեր հարևան երկիրը, սակայն, դեմ է արտահայտվել ձևաչափին՝պարզաբանելով, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Лента

Рекомендуем посмотреть