Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավոր Արմեն Չարչյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճից ազատ է արձակվել․ Սահմանադրական դատարանը (ՍԴ), «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա երեկ հրապարակած աշխատակարգային որոշմամբ, արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։
Պրոֆեսոր Չարչյանի փաստաբանը ՍԴ որոշումից հետո հայտարարել էր, որ պատրաստվում է դատարան միջնորդություն ներկայացնել` անհապաղ նիստ նշանակելու և Չարչյանին կալանքից ազատ արձակելու հարցով։
«Պարոն Չարչյանը, լինելով պատգամավոր, չի կարող շարունակապես գտնվել անազատության մեջ, քանի դեռ չի ստացել ԱԺ համապատասխան համաձայնությունը»,- պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով նշանակված արտահերթ նիստում այսօր հայտարարել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ վկայակոչելով ՍԴ՝ վերոնշյալ որոշումը։
Պաշտպանը հորդորել է դատարանին անհապաղ հեռանալ խորհրդակցական սենյակ ու Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված փախանման միջոց կալանավորումը վերացնելու մասին որոշում կայացնել, ինչը և արվել է։
Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքի կազմում պատգամավորի մանդատ ստանալուց առաջ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրենը մեղադրվեց իր ղեկավարած հիվանդանոցի աշխատակիցներին 2021-ի հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Չարչյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-ի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը): Արմեն Չարչյանը մեղադրանքը չի ընդունում:
Իսկ այսօր, դատարանի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում, նա հայտարարել է, որ արդարադատությունն այսօր հաղթել է՝ իր փաստաբանների շնորհիվ։
Հայտնի բժիշկը նաև ասել է, որ շատ լուրջ առողջական խնդիրներ ունի, «այս 5 ամսվա ընթացքում 24-25 տարվա դիաբետը իրեն շատ վատ ձևով ցույց տվել է» և առաջիկա իր խնդիրը առողջությունը վերականգնելն է լինելու։