Իրանը, Ադրբեջանը և Վրաստանը համաձայնության են եկել Պարսից ծոցը Սև ծովին միացնող տարանցիկ ճանապարհ ստեղծելու շուրջ։
TehranTimes-ի հաղորդմամբ՝ Իրանի ճանապարհների պահպանման և փոխադրման կազմակերպության (RMTO) տարանցիկ և միջազգային կապերի վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին ասել է, որ այդ ծրագիրն առաջարկվել է դեռ ութ տարի առաջ։ Նրա խոսքով՝ Վրաստանը և Իրանը եղել են այս համաձայնագրի երկու հիմնական կողմերից, ու քանի որ Իրանը մուտք ունի Պարսից ծոց, իսկ Վրաստանն էլ Սև ծովի երկու կարևոր նավահանգիստ ունի, մյուս կողմից Ադրբեջանը և Վրաստանը մեծ ջանքեր են գործադրել իրենց տրանսպորտային ենթակառուցվածքները զարգացնելու ու բարելավելու համար, ուստի իրենք փորձել են խորացնել համագործակցությունն այս երկու երկրների հետ։
Համաձայն երեք երկրների միջև ձեռք բերված համաձայնության՝ առաջիկա չորս ամիսների ընթացքում իրանական բեռները Աստարա սահմանային կետով կտեղափոխվենԱդրբեջան, Սև ծովի վրացական նավահանգիստների միջոցով էլ՝ Բուլղարիա կամ էլ այլ Արևելյան Եվրոպայի երկրներ։
Պաշտոնյան հավելել է, որ վերջնական եռակողմ հանդիպման ժամանակ կստեղծվի մեխանիզմ՝ նվազեցնելու առաքման ծախսերն ու ժամանակը։