Արցախը անշեղորեն շարժվում է դեպի մեր հավաքական նպատակակետը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում. Արտակ Բեգլարյանը՝ շնորհավորական ուղերձով - RadioVan.fm

Онлайн

Արցախը անշեղորեն շարժվում է դեպի մեր հավաքական նպատակակետը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում. Արտակ Բեգլարյանը՝ շնորհավորական ուղերձով

2021-12-10 15:07 , Политика, 867

Արցախը անշեղորեն շարժվում է դեպի մեր հավաքական նպատակակետը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում. Արտակ Բեգլարյանը՝ շնորհավորական ուղերձով

«Ուղիղ 30 տարի առաջ Արցախի ժողովուրդը հավանություն տվեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու որոշմանը: Սկսվեց պետականակերտման անհարթ, բայց պատվաբեր ուղին: Իսկ 15 տարի առաջ համաձայնություն ենք տվել Հանրապետության մայր օրենքի ընդունմանը՝ մեր կամքով, մեր պատկերացումներով և հավատարիմ միջազգային իրավունքին»,-այդ մասին Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«ԼՂՀ Անկախությամբ ու Սահմանադրությամբ մենք ամրագրել ենք հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը։ Եվ այսօր, Արցախի Հանրապետությունն, իր գոյության 30 տարիների ընթացքում ունենալով բազմաթիվ կորուստներ, կրելով զրկանքներ ու ապրելով դժվարին օրեր, այդուհանդերձ, անշեղորեն շարժվում է դեպի մեր հավաքական նպատակակետը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում, դեպի ժողովրդավարության ուղու վրա ամուր կանգնած ազգային պետության կայացում ու հարատևում՝ Մայր Հայաստանի հետ մեկտեղ:

44-օրյա պատերազմը դարձավ ծանր փորձություն այդ ճանապարհին, սակայն մեր հարազատների թափած արյունը հայրենի հողում և մեր կրած զրկանքները լրացուցիչ չափով պարտավորեցնում են մեզ անդավաճան ու անխոնջ կերպով շարունակել ընտրված ուղին՝ դասեր քաղելով անցյալի փորձություններից:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով անկոտրում կամք, եռանդ և համբերություն մեր իրավունքների ու ազատությունների իրացման, մեր ազգային արժեքների պաշտպանության ճանապարհին»,-ասված է Արցախի պետնախարարի ուղերձում։

Лента

Рекомендуем посмотреть