Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվել է։
Այդ մասին 17:35 տարածած հաղորդագրությամբ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)։ Ժամը 19:00-ին տարածած մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացվում է, որ 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։