Ցեղասպանությունն արդարացնողների մոտ չի փոխվել զանգվածային ոճրագործությունների միջոցով աշխարհաքաղաքական նպատակների հասնելու ձգտումը․ԱԳՆ-ն՝ օրվա առիթով - RadioVan.fm

Онлайн

Ցեղասպանությունն արդարացնողների մոտ չի փոխվել զանգվածային ոճրագործությունների միջոցով աշխարհաքաղաքական նպատակների հասնելու ձգտումը․ԱԳՆ-ն՝ օրվա առիթով

2021-12-09 16:35 , Политика, 1000

Ցեղասպանությունն արդարացնողների մոտ չի փոխվել զանգվածային ոճրագործությունների միջոցով աշխարհաքաղաքական նպատակների հասնելու ձգտումը․ԱԳՆ-ն՝ օրվա առիթով

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ։

2015թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված 69/323 բանաձևը, որով հռչակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

ԱԳՆ հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց մարդու իրավունքների առաջին պայմանագիրը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան:

Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան հստակ արձանագրում է, որ «պատմության բոլոր փուլերում ցեղասպանությունները մեծ վնասներ են պատճառել մարդկությանը»՝ դրանով իսկ հաստատելով, որ ցեղասպանության հանցանքներ տեղի են ունեցել նաև կոնվենցիայի ընդունումից առաջ: Ցեղասպանության կոնվենցիայի մշակման համար կարևոր օրինակ է ծառայել Հայոց ցեղասպանությունը, ինչի վերաբերյալ հրապարակայնորեն հանդես է եկել կոնվենցիայի տեքստի հեղինակ Ռաֆայել Լեմկինը:

Վերոնշյալ կոնվենցիայի մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ այս փաստաթղթին միացած պետություններն իրավական պարտավորություն են ստանձնում ոչ միայն պատժելու, այլև կանխելու ցեղասպանությունները. հանգամանք, որը խիստ էական է ազգային, էթնիկ, կրոնական և ռասայական խմբերի համընդհանուր պաշտպանության համար:

Չնայած կատարված մեծ աշխատանքին, միջազգային հանրության կողմից դեռ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրվեն ժամանակին և համարժեք արձագանքելու, այդ թվում՝ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները դատապարտելու և ցեղասպան պետություններին պատասխանատվության ենթարկելու համար:

Այսօր տարբերվում են ցեղասպանություններ գործելու մեթոդներն ու ձևերը, սակայն ցեղասպանությունն արդարացնողների մոտ չի փոխվել զանգվածային ոճրագործությունների միջոցով աշխարհաքաղաքական նպատակների հասնելու ձգտումը:

2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ը ամրագրվեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2020 թվականին առաջադրված և կոնսենսուսով ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևում հստակ նշվում է, որ ցեղասպանության արդարացումը, անցյալի հանցագործությունների կանխակալ գնահատումն ու ժխտումը մեծացնում են բռնության կրկնության վտանգը:

Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով կարևոր էպատմական հիշողությունը, կրթությունը ու կատարվածի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածումը:

Դատապարտելի են մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման դեպքերը, քանի որ հենց մշակութային ժառանգությունն է հնարավորություն ստեղծում պահպանել ազգային կամ կրոնական ինքնությունը:

Անթույլատրելի են ազգային, էթնիկ, կրոնական կամ ռասայական խմբերի նկատմամբ գերակայության դրսևորումները կամ վերջիններիս նկատմամբ ուժի կիրառման արդարացումները:

Հայաստանի Հանրապետությունը հետևողական կերպով կշարունակի աշխատանքները՝ իրազեկելու անցած ցեղասպանությունների, դրանց անպատժելիության վտանգների և նոր մարտահրավերների մասին»:

Հավելենք՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առթիվ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը և այլ պաշտոնատար անձինք իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, ասորի և եզդի ժողովուրդների ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակին:

Лента

Рекомендуем посмотреть