Դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումը։
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները և ուժի կիրառման սպառնալիքները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը:
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են նաև «3+3» ձևաչափին առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Հիշեցնենք՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թուրք-ադրբեջանական կողմն ակտիվորեն հանդես է գալիս տարածաշրջանային «3+3» ձևաչափի ստեղծման օգտին, որը պետք է ընդգրկի Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանի Դաշնությունը։ Գաղափարն աջակցություն է գտել ՌԴ կողմից։ Վրաստանը, դեմ լինելով այս ձևաչափին, առաջարկել է նոր հարթակ՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան:
Իսկ Հայաստանի դիրքորոշումը «3+3»-ին, ինչպես հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն է, որ ձևաչափը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մեր երկիրն արդեն համաձայնեցված քննարկում է այլ ձևաչափերով: