Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հետ։ Այս մասին այսօր ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիի հայտարարությանը, ըստ որի՝ պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել և գործը տանել դեպի Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման, դրա հետագա սահմանագծման վերաբերյալ երկկողմանի հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ: Սակայն այս հարցը ոչ մի կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ»,-Մհեր Գրիգորյանի խոսքերն է փոխանցում գործակալությունը։
Հայաստանի փոխվարչապետը նաև նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումների ապահովման հարցերի ուսումնասիրությամբ։
Մհեր Գրիգորյանը միաժամանակ հայտնել է, որ այս հարցերի վերջնական կարգավորման քննարկում չի եղել: