«Երազանքն է, որ Հայաստանում օրերից մի օր հաշմանդամություն ունեցող երեխաները առանց խտրականության ապրելու հնարավորություն կունենան»․ Սորս»-ը համախմբել էր շահառուներին, գործընկերներին - RadioVan.fm

Онлайн

«Երազանքն է, որ Հայաստանում օրերից մի օր հաշմանդամություն ունեցող երեխաները առանց խտրականության ապրելու հնարավորություն կունենան»․ Սորս»-ը համախմբել էր շահառուներին, գործընկերներին  

2021-12-03 20:02 , Общество, 1106

«Երազանքն է, որ Հայաստանում օրերից մի օր հաշմանդամություն ունեցող երեխաները առանց խտրականության ապրելու հնարավորություն կունենան»․ Սորս»-ը համախմբել էր շահառուներին, գործընկերներին

«Միշտ ժպտանք, ուրախանանք, երջանիկ լինենք»,-8 տարեկան Արեգի ցանկությունն է, ով հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցության «Սորս» հիմնադրամի շահառու է եղել։

Ինչպես «Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշեց նրա քույրը՝ Լուսինե Հովհաննիսյանը, «Սորս»-ը իր եղբոր զարգացման վրա դրական ազդեցություն է ունեցել․ Արեգը սկսել է խոսել, երգել, նվագել, շփվել մարդկանց հետ։

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա և հիմնադրման 8-ամյակի առիթով «Սորս» հիմնադրամը մի հարկի տակ էր հավաքել հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև հովանավորներին և գործընկերներին, որոնց աջակցությամբ լուծվում են այն խնդիրները, որոնց բախվում են առողջական խնդիրներով պայմանավորված դժվարին իրավիճակում հայտնված փոքրիկներն ու նրանց հարազատները։

Գույներ, երաժշտություն, հաշմանդամություն ունեցող փոքրիկների ձեռքով պատրաստված աշխատանքներ ու հուշանվերներ՝ բոլոր գործընկերներին․ միջոցառման ընդարձակ սրահը ողողված էր ջերմության ու բարության մթնոլորտով։

«Նոյեմբերին բոլորեց մեր հիմնադրման 8 տարին, որոշեցինք մեր երեխաների հետ միասին այսօր ասենք շնորհակալությու՜ն մեր հովանավորներին, գործընկերներին, պատմենք մեր իրականացրած ծրագրերի մասին, կիսվենք մեր մտքերով՝ երազանքով, որ կյանքը կլինի ավելի լեցուն, ուրախ, որ կկարողանանք Հայաստանում օրերից մի օր այնպիսի միջավայր ստանալ, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաները, նրանց ընտանիքները նույնքան հավասար կլինեն բոլորին, նույնքան ազատ ու հանգիստ կլինեն, և առանց խտրականության ապրելու հնարավորություն կունենան»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց «Սորս» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Մարինա Պարազյանը, որի դուստրը ևս հաշմանդամություն ունի։

200 շահառու և թիմի՝ 60-ից ավելի անդամ ունեցող «Սորս»-ի հիմնական ծրագրերից Մարինա Պարազյանն առանձնացրեց «Սորս տնակ» զարգացման կենտրոնը, որտեղ ամսական 100 երեխա է հաճախում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվող տան սպասարկման ծրագիրը, գործող փափուկ և փայտային արտադրամասերը, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները։

«Դժվարությունները շատ են․ գտել ենք մեր ճանապարհը, դանդաղ քայլերով և՛ զարգանում ենք և՛ կրթվում ենք»,- նկատեց միջոցառմանը ներկա ծնողներից մեկը, որի՝ մանկական ուղեղային կաթված ունեցող 8 տարեկան դուստրը ևս հիմնադրամի շահառու է։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք, դեկտեմբերի 3-ը՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր, ընդունվել է 1992թ-ին Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Համաձայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ինոր զեկույցի՝ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը կազմում է գրեթե 240 միլիոն: 10 երեխայից առնվազն 1-ը բախվում է մի շարք զրկանքների․ ի տարբերություն հաշմանդամություն չունեցող երեխաների, հաշմանդամություն ունեցողներն ավելի անբարենպաստ դիրքում են գտնվում երեխայի բարեկեցությունը փաստող չափանիշների հաշվարկում։ Զեկույցը ներառում է 42 երկրների միջազգայնորեն համադրելի տվյալներ և ներառում է երեխաների բարեկեցության ավելի քան 60 ցուցիչ՝ սկսած սնուցումից և առողջությունից, մինչև ջրի և սանիտարական պայմանների հասանելիություն, բռնությունից և շահագործումից պաշտպանություն և կրթություն:

Հայաստանում 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պաշտոնապես հաշվառված է հաշմանդամություն ունեցող 194 640 անձ, որից 9039-ը երեխաներ են, իսկ Արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն է սահմանվել 1488 անձի։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть