Լեռնային Ղարաբաղում 27 դիտակետում իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ վերահսկողություն իրականացնող Ռուսական խաղաղապահ զորախումբը դեկտեմբերի 3-ին Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցել։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) փոխանցմամբ՝ միջադեպի ժամանակ ադրբեջանական պահակակետում սպանվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ։
«Դեպքի վայրում ՌԴ խաղաղապահների օպերատիվ խմբի և Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել քաղաքացիական անձի մահվան դեպքի առթիվ»,-տեղեկանում են ՌԴ ՊՆ-ի տեղեկագրից։
Հիշեցնենք՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչ Սեյրան Սարգսյանի՝ մոլորվելու հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տարածքում հայտնվելու և սպանվելու մասին։
Արցախի քննչական կոմիտեն հայտնել է, որ ազգային ատելության շարժառիթով առևանգման և սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
«2021թ. դեկտեմբերի 03-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության մի խումբ զինծառայողներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» կոչվող տեղամասից, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված, անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ՝ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել «Կոհակ» կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրքեր, որտեղ ազգային ատելության շարժառիթով ինքնաձիգից կրակոցներ արձակելով դիտավորությամբ ապօրինաբար Ս. Սարգսյանին կյանքից զրկել են»,-տարածած հաղորդագրությամբ մանրամասնել է քննչականը:
Այնուհետ հաղորդվել է, 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանի դիակը փոխանցվել է հայկական կողմին, դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել է գնդակային մահացու վնասվածքներ: