Հայաստանի Հանրապետության (ՀՀ) էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը քննարկել են երկու երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ անդրադարձել են նաև Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված այլ հարցերի։
Քերոբյան-Մանտուրով հանդիպումը կայացել է «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսում, Ռուսաստանի տաղավարում։
Նախարար Քերոբյանն իր տեղակալ Նարեկ Տերյանի հետ ԱՄԷ է մեկնել դեկտեմբերի 3-ին՝ համաշխարհային ցուցահանդեսում Ռուսաստանի Դաշնության ազգային օրերին մասնակցելու նպատակով։