Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ պաշտոնապես հաշվառված է հաշմանդամություն ունեցող 194,640 անձ, որից 9,039-ը երեխաներ են: Արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն է սահմանվել 1488 անձի:
Տվյալներն իր ֆեյբուքյան իր էջում հրապարակել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով օրվա խորհրդին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան։
Պատգամավորը հիշեցնում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին Ազգային ժողովն ընդունել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքը, որի պարտավորությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ստանձնել էր 2010-ին՝ վավերացնելով ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան:
«Նոր օրենքը բոլոր հիմքերը ստեղծում է քաղաքացիներին խտրականությունից պաշտպանելու, ֆիզիկական, տեղեկատվական և ծառայությունների մատչելիությունն ապահովելու, համայնքում նրանց ներառումը և անկախ կյանքը կազմակերպելու համար:
Սակայն ծրագրերի արյունավետ իրականացման համար անհրաժեշտ է բոլոր ոլորտների պատասխանատուների համատեղ աշխատանքը, զարգացման ծրագրերի և ռազմավարությունների ներառականության ապահովումը: Այս գործընթացը պետք է կազմակերպել հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ մասնակցությամբ և առաջնորդությամբ:
Ես շարունակելու եմ ամեն հնարավոր բան անել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք, Ազգային ժողովը, ՀՀ կառավարությունը և բոլոր շահագրգիռ կողմերը աշխատեն միասին՝ հանուն ներառական զարգացման»,-գրել է իշխանականմ պատգամավորը: