Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դեկտեմբերի 6-8-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա):
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն՝ նա ներկա կլինի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա ներկայացված ժամանակային (հրատապ) միջոցների վերաբերյալ որոշումների հրապարակմանը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել էր Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած գանգատի վերաբերյալ լսումները։ Հայաստանը դիմել է Հաագայի դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ։ Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում «ռազմավարի պուրակ»-ի փակումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ վճիռը կհրապարակի դեկտեմբերի 7-ին։ Նիստը կկայանա Հաագայի ժամանակով ժամը 15։00-ին, այն կանցկացվի մեծ դահլիճում։ Դիվանագիտական ներկայացուցչությունների անդամները, լրատվամիջոցները և հանրությունը նիստին կկարողանան հետևել ուղիղ հեռարձակման միջոցով։