«Ինձ անընդհատ ասում էին, որ ԱԺ նախագահին սպասարկող մեքենան ոչ բարվոք վիճակում է, այս քայլն արվել է ավելի մեծ ծախսերից խուսափելու համար»․ Ա․ Սիմոնյանը՝ BMW-ի գնման մասին - RadioVan.fm

Онлайн

«Ինձ անընդհատ ասում էին, որ ԱԺ նախագահին սպասարկող մեքենան ոչ բարվոք վիճակում է, այս քայլն արվել է ավելի մեծ ծախսերից խուսափելու համար»․ Ա․ Սիմոնյանը՝ BMW-ի գնման մասին

2021-12-02 16:56 , Политика, 1223

«Ինձ անընդհատ ասում էին, որ ԱԺ նախագահին սպասարկող մեքենան ոչ բարվոք վիճակում է, այս քայլն արվել է ավելի մեծ ծախսերից խուսափելու համար»․ Ա․ Սիմոնյանը՝ BMW-ի գնման մասին

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 1-ին «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում անդրադարձել է վերջերս հանրային հնչեղություն ստացած մի շարք հարցերի: Մասնավորապես անդրադարձ է եղել ԱԺ նախագահի համար նոր ավտոմեքենայի ձեռք բերմանը, իր եղբոր անվան հետ կապված կազմակերպության կողմից շահած տենդերներին, «միջանցք»-ի տրամադրմանը վերաբերող լուրերին։

Թե ինչո՞վ էր պայմանավորված Կառավարության կողմից BMW մակնիշի ծառայողական նոր ավտոմեքենայի գնման հրատապությունը հարցին ի պատասխան Ալեն նկատել է, որ հարցի մեջ մի քանի սխալ կա։

Նա նշել է, որ կառավարությունը ոչ ոքի համար ոչ մի բան չի գնում, Ազգային ժողովն ունի իր բյուջեն և իր բյուջեի խնայողություններով կարողանում է լուծել որոշակի խնդիրներ։

Որպես օրինակ, նա նշել է այս պահին ԱԺ տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները։ Ինչ վերաբերում է մեքենաներին՝ Ալեն Սիմոնյանն ասել է, որ դրանք պետք էր շատ վաղուց փոխել։

«Եւ ամեն ինչ սկսեց նրանից, որ գալիս ինձ անընդհատ ասում էին, որ առկա մեքենան, որը սպասարկում է ԱԺ նախագահին, ոչ բարվոք վիճակում է։ Այն զրահապատ մեքենա է և ի սկզբանե նախատեսված չի եղել երկարատև օգտագործման համար, քաշով առնվազն 4,5 տոննա է»,-ասել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ ծախսատար և ոչ սարքին վիճակում գտնվող մեքենան շատ հաճախ էր նոր խնդիր ունենալու։

Շարունակելով թեման՝ օրենսդիր մարմնի նախագահն ասել է, որ Հայաստանում առկա ներկայացուցչական դասի մեքենա գնելու որոշում է կայացվել:

«Ինչու՞ ներկայացուցչական դասի, որովհետեւ ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, և մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում։ Օրինակ, գալիք տարի նշվում է մի շարք երկրների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մենք ունենք բազմաթիվ պաշտոնական միջոցառումներ։ Եւ, մի կողմ դնելով անվտանգության հարցը, հասկանալով, որ այդ գումարն այնուամենայնիվ մեծ է՝ ես եմ խնդրել, որ Կառավարությունը թույլ տա Ազգային ժողովի խնայած միջոցներով պետութունը գնում կատարի։ Խնայած միջոցներից մենք այս տարի պետական բյուջե ենք վերադարձնելու մոտավորապես 600 մլն գումարը։ Բայց դրա մասին ո՛չ խոսում են, ո՛չ գրում»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը։

Մեեկնաբանի ճշտող հարցին, թե կարելի՞ է հետևություն անել, որ աղմուկը մեծամասամբ ուռճացված է եւ ուղղորդված՝ բանախոսը պատասխանել է.

«Ես հայտարարում եմ, որ ուռճացված աղմուկ է: Վստահ եմ, որ այն կապված է իմ գործունեության հետ, նույնիսկ իմ այցերի հետ, իմ անվան և ազգանվան հետ, որը այցելություններ է ապահովում։ Եվ դրա օրինակները շատ են։ Օրինակ, այսօր բավականին հեղինակավոր մի կայք նյութ է տեղադրել, որտեղ գրել է՝ «Ալեն Սիմոնյանի օրենքը և այլն և այլն․․․»։ Տեսանյութը կա, որտեղ ընդդիմադիր պատգամավորներից մեկն ինչ-որ հայտարարություն է անում: Նայում եմ տեսանյութը, այդ պատգամավորն իմ անունը չի տալիս: Նայում եմ ներկայացվող օրենքի նախագիծն իմ հետ ընդհանրապես կապ չունի: Զանգում հարցնում ենք՝ այս ինչու՞ եք այդպես արել, ասում են՝ վայ, շփոթել ենք։ Բայց արդեն դիտումներն ապահովել են։ Նաև շահարկվում է, որ կարելի է գումար հատկացնել առաջնագծի կահավորմանը։ Դրան էլ եմ ուզում անդրադառնալ։ Ինչու՞ մենք ունենք իրավիճակ հեղափոխությունից հետո, որ բանակն ինչ-որ հայտ է ներկայացրել Կառավարությանն, ու Կառավարությունն այն մերժել է՝ բացատրելով, որ գումար չունե՞նք։ Կրկնեմ՝ Կառավարությունը գումար չի հատկացրել, և սա իմ մեքենան չէ, սա պետության մեքենան է։ Սա Ալեն Սիմոնյանի մեքենան չէ, ինչպես գրվում է տարբեր վերնագրերով։ Ուզում եմ ֆիքսենք, որ այս քայլն արվել է ավելի մեծ ծախսերից խուսափելու համար։ Ազգային ժողովի ավտոպարկն անմխիթար վիճակում է։ Հեղափոխությունից հետո պետական համակարգի մեքենաները 40-ից ավել տոկոսով կրճատվել են։ Նույնն արել է Ազգային ժողովը։ Այո, ես չեմ վախենում որևէ քննադատությունից։ Ազգային ժողովում փոփոխություններ են լինելու, և այդ փոփոխություների հետ կապված ես վայրկյան անգամ չեմ վարանելու»:

Ալեն Սիմոնյանի հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 25-ի նիստում, առանց զեկուցման, թույլատրեց մեկ անձից գնման ընթացակարգով Ազգային ժողովի նախագահի համար գնել բարձր դասի BMW մակնիշի մեքենա՝ պետական բյուջեից ծախսելով մոտ 185 հազար դոլար։

Лента

Рекомендуем посмотреть