ՀՀ-ում «Օմիկրոն» դեռևս չի հայտնաբերվել, Covid-19-ի որոշակի մեղմացում կա, բայց զգոնությունը չպետք է թուլացնենք. Նիկոլ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում «Օմիկրոն» դեռևս չի հայտնաբերվել, Covid-19-ի որոշակի մեղմացում կա, բայց զգոնությունը չպետք է թուլացնենք. Նիկոլ Փաշինյան

2021-12-02 13:37 , Политика, 1229

ՀՀ-ում «Օմիկրոն» դեռևս չի հայտնաբերվել, Covid-19-ի որոշակի մեղմացում կա, բայց զգոնությունը չպետք է թուլացնենք. Նիկոլ Փաշինյան

«Նոր տիպի կորոնավիրուսի (Covid-19) իրադրության հետ կապված մենք ունենք որոշակի մեղմացում: Բայց, մյուս կողմից, սա որևէ բան չի նշանակում՝ այն իմաստով, որ, գիտեք, նոր շտամ է հայտնաբերվել՝ «Օմիկրոն» անվանված, որը դեռևս Հայաստանում չի հայտնաբերվել, այդ շտամով վարակված որևէ քաղաքացի»,-այդ մասին կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով կորոնավիրուսային վարակի հետ կապված ընթացիկ իրավիճակին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ դեռևս հստակ չէ, թե այս նոր շտամն ինչ ազդեցություններ կարող է ունենալ, վարակված մարդիկ ինչպիսի ծանրությամբ կտանեն հիվանդությունը, և դեռևս պարզ չէ նաև, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի:

Հետևաբար, շեշտել է նա, առաջիկայում զգոնությունը որևէ կերպ չպետք է թուլացնենք, մինչև այս նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա:

Նա, միաժամանակ նկատել է, որ արդեն որոշակի շոշափելի արդյունքներ ունենք պատվաստման հետ կապված:

«Ես ընդհանրապես հենվում եմ երկրորդ պատվաստման թվերի վրա, որտեղ արդեն 2 պատվաստում ստացած քաղաքացիների շոշափելի և էական թիվ ունենք. արդեն 480 000-ի շեմը հատել ենք և մոտենում ենք 500 000-ին: Մեզ հաջողվում է, բացի շաբաթ և կիրակի օրերից, օրական հիմնականում 20 000-ից ավելի պատվաստում իրականացնել: Եվ հիվանդանոցային կարողությունների լարվածությունն էլ էականորեն նվազել է»,-ասել է նա:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան էլ հավելել է, որ նոր հայտնաբերված շտամի հետ կապված դեռ ուսումնասիրություններ են իրականացվում՝ հասկանալու համար, թե հիվանդացության ծանրության առումով ինչ պատկեր ունենք, և պատվաստանյութերի ազդեցության նվազում գրանցվում է, թե ոչ:

«Առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում ավելի հստակ պատկերն արդեն իսկ կունենանք: Բայց մեկ բան պարզ է, որ անգամ եթե պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի տվյալ շտամով վարակելիության առումով, միևնույն է, հիվանդության ծանր ընթացքի և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ ամենաարդյունավետ և, կարելի է ասել, հիվանդության դեմ պայքարելու միակ միջոցը: Այս առումով, երբ դելտա շտամն ի հայտ եկավ, նույն մտահոգությունները կային, բայց փորձը, արդեն իսկ հաստատված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անգամ արդյունավետության որոշակի նվազման դեպքում, միևնույն է, դրանք փրկում են մարդկանց կյանքը, իսկ դա մեր գլխավոր նպատակն է: Ուստի, մենք, ինչպես ասացիք, մեր բոլոր ջանքերը պիտի շարունակենք ուղղել պատվաստումների գործընթացը, տեմպն արագացնելու և հանրային իմունիտետի բավարար շեմն անընդհատ բարձրացնելու ուղղությամբ:

Պարոն վարչապետ, նշեմ, որ տոկոսային առումով առաջին դեղաչափն արդեն իսկ ստացել է մեր բնակչության 18 տարին լրացած քաղաքացիների 40 տոկոսը, երկրորդ դեղաչափն ստացել է և ամբողջական պատվաստում ունի արդեն 23.9 տոկոսը: Այո, հիվանդացության նվազման առումով մեզ մոտ այս պահին բարելավվել է պատկերը, և մենք շարունակում ենք թվերի նվազում գրանցել»,-իրավիճակը ներկայացրել է տիկին Ավանեսյանը։

Лента

Рекомендуем посмотреть