Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Մոսկվայում կկայանա Հայաստանի Հանրապետության (ՀՀ), Ադրբեջանի Հանրապետության (ԱՀ) և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը:
ՀՀ վարչապետի որոշման համաձայն՝ Հայաստանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, Մոսկվայում կգտնվի դեկտեմբերի 1-3-ը։ Որոշումից տեղեկանում ենք, որ փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումից զատ՝ Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, Երկրորդ Եվրասիական համագումարին։
Հիշեցնենք՝ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել է 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյանի-Պուտին-Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով։
Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ փոխվարչապետները կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին։
Հավելենք՝Սոչիում, ավելի քան 3 ժամ տևած բանակցությունների արդյունքներով ընդունված եռակողմ հայտարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի գնահատմամբ, 3 կարևոր կետ է արձանագրում՝ գերիների վերադարձ, «միջանցքի» թեզի հերքում, սահմանին կայունության քայլեր։