«Արցախի հարցը լուծված չէ, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հարցը սակարկման ենթակա չէ, Հայաստանը պետք է մնա տարածաշրջանային ինքնիշխան դերակատար և Ռուսաստանի ռազմավարական դաշնակից»,-այդ մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին։
Սերժ Սարգսյանը հիշատակել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2020-ի սեպտեմբերի 27-ի լայնամասշտաբ ագրեսիան։ Նշելով, որ այդ պատերազմում կիրառվեցին միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, այն խլեց խլելով հազարավոր հայ երիտասարդների կյանքեր, անօթևան թողեց տասնյակ հազարավոր մարդկանց, թշնամական գերության մեջ նետեց մեր հարյուրավոր հայրենակիցների, որոնց գերակշիռ մասին Ադրբեջանը մինչ օրս, պատերազմից ավելի քան մեկ տարի անց, պահում և խոշտանգումների է ենթարկում Բաքվի բանտերում, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանն այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ահաբեկում սահմանամերձ բնակավայրերի խաղաղ քաղաքացիներին, սադրում ռազմական բախումներ և շարունակում գերեվարել նոր զինվորների։
«Բանակն ու դիվանագիտական կորպուսը, որոնք երեք տարվա ընթացքում հիմնովին փլուզվել են պոպուլիստական ռեժիմի կողմից, չկարողացան դիմակայել ադրբեջանական ագրեսիային։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ սա ոչ թե մեր ժողովրդի, այլ հանցավոր անպատասխանատու դեմագոգների խմբի պարտությունն է։
Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը ինչպես ակտիվ ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ գործադրած ջանքերի, այնպես էլ Խաղաղապահ զորակազմի տեղակայման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման համար և կոչ ենք անում ավելի ամուր կանգնել հրադադարի պահպանման դիրքերում»,-ներկայացուցչական համաժողովի մասնակիցներին ասել է ՀՀ երրորդ նախագահը՝ կոչ անելով իր գործընկերներին անվերապահորեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մոտեցումը՝ կառուցված հիմնարար սկզբունքների վրա, որոնք բազմիցս հնչեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։
Հայտնել էինք, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռավար մասնակցել ու ելույթ է ունեցել «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին, որին մասնակցել են մի շարք երկրների և կառավարությունների ղեկավարներ, մի քանի տասնյակ ազդեցիկ քաղաքական ուժերի առաջնորդներ։ Ներկայացուցչական այդ կոնֆերանսը տեղի է ունեցել «ՄիասնականՌուսաստան» կուսակցության 20-ամյակի տոնակատարության միջոցառումների շրջանակներում։