ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյբուքյան գրառմամբ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Սոչի կատարելիք այցին՝ գրել է.
«Վարչապետը նախատեսում է ՀՀ և Արցախի հետագա ճակատագրի հետ կապված
կարևոր փաստաթուղթ ստորագրել, որի մանրամասները ոչ ոք չգիտի: Փաշինյանը նշել է, որ դա փոխվելէ երեք անգամ և թե ինչ տարբերակ է ստորագրվելու՝ անհայտ է: Իսկ դրա նախօրեին ներկայացվեց ԱԺ նախագահի մեքենայի գնման մասին տեղեկությունը, որով ամբողջությամբ փոխվեց քննարկումների ուղղությունը: Տեղեկատվական այս քայլերը շատ արդյունավետ են իշխանությունների համար իրենց գործողությունների հետևանքները, ստորագրվելիք թղթերը պետության և ՀՀ քաղաքացիների հետագա ճակատագրի առումով կոծկելու տեսանկյունից: Մեքենայի հարցը, եթե անգամ բարկացրել է քաղաքացիներին, ապա դա շտկելի է, բայց պետության և պետական սահմանների վերաբերյալ չհաշվարկված ու վտանգավոր քայլերի իրականացումը իսկապես կարող է ճակատագրական դառնալ մեր պետության (այդ թվում՝ Արցախի) համար»:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետն այսօր մեկնել է Սոչի, որտեղ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կայանալու է Փաշինյանը-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում: