Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ՆԳՆ ԱԻՊԾ) հայտնում են, որ վերսկսվել են 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, որոնք դադարեցվել էին հոկտեմբերի 14-ին:
Տեղեկացվում է, որ փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1698 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։
Վերջին շաբաթներին որոնումները դադարեցվել էին, ՆԳՆ ԱԻՊԾ-ից պարբերաբար տեղեկացնում էին, որ վերսկսելու համար բանակցություններ են վարվում։