«Սա խաղ չէ, սա հայրենիքի գոյության խնդիր է»․ հավաքի մասնակիցներին արգելվեց մոտենալ կառավարության գլխավոր մուտքին - RadioVan.fm

Онлайн

«Սա խաղ չէ, սա հայրենիքի գոյության խնդիր է»․ հավաքի մասնակիցներին արգելվեց մոտենալ կառավարության գլխավոր մուտքին  

2021-11-22 15:06 , Политика, 1134

«Սա խաղ չէ, սա հայրենիքի գոյության խնդիր է»․ հավաքի մասնակիցներին արգելվեց մոտենալ կառավարության գլխավոր մուտքին

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ, որտեղ «5165 շարժում»-ը 14։00-ին հավաք էր հրավիրել, բազմաթիվ ոստիկաններ էին բերվել, որոնք, այնուհետ, պատ կազմելով՝ թույլ չտվեցին Երևանի Հանրապետության հրապարակից դեպի կառավարության շենք շարժվող հավաքի մասնակիցներին մոտենալ գործադիրի շենքի գլխավոր մուտքին։

Կառավարության աշխատանքը չխաթարելու հիմնավորմամբ՝ կազմակերպիչներին հորդորվել էր «հրապարակի ժամացույցի տակ» անցկացնել հավաքը։

«Մենք չէինք խանգարելու կառավարության աշխատանքին, այդ աշխատանքը տեսել ենք։ Ուր էր, թե աշխատանք լիներ, մենք էլ սուսուփուս անցնեինք, չխանգարեինք»,-լրագրողների հետ զրույցում ասաց հավաքի նախաձեռնողներից Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, իրողությունը իշխանությունների վախի դրսևորում որակելով։

Նշենք՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ այսօրվա հավաքի նպատակը հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթուղթը հանրայնացնելու պահանջն է։

Անդրադառնալով տեղեկությանը, որ վաղը վարչապետը ֆեյսբուքյան իր էջում պատասխանելու է լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների հարցերին, Կարին Տոնոյանը նկատեց, որ «փորձում են հերթական անգամ փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ, հիմարացնել ու էլի իրենց ուզածով անել»։

«Էլ տեղ չունենք, ժողովուրդ ջան։ Մեր զինվորները շարունակում են զոհվել, թշնամին անարգել մտնում, մեր տարածքները վերցնում է։․․․Մեզ մտցրել են փակուղի, և ստիպում են իրենց խաղը խաղալ։ Այսուհետ ժողովուրդը պետք է թելադրի իր օրակարգը, ասի՝ սա խաղ չէ, սա հայրենիքի գոյության խնդիր է, և մենք այստեղ կանգնելու ենք մինչև մեր վերջին շունչը՝ լինի մայր, այր, զինվոր։ Բոլորս զինվորի, բանակի կողքին ենք, եթե մեռնելու ենք՝ պատվով մեռնենք»,-ասաց նա՝ կոչ անելով քաղաքացիներին փողոց դուրս գալ։

«Այսօր դեռ պահանջում ենք, փաստաթղթի պահանջը սկիզբն է, դա կունենա զարգացում»,-ասաց Տոնոյանը՝ նշելով, որ հավատում են ու միանալու են բոլոր նրանց, ովքեր իրական քայլ կանեն հայրենիքի պաշտպանության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք՝ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը տեղեկացրել է այսօր՝ 17։00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հավաքի մասին։

Նա նշել է, որ մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքայինամբողջականությունը:

«Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է' Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть