Երևանում պատվաստումները հիմնականում կազմակերպվում են պոլիկլինիկաներում, սակայն 65-ից բարձր տարիքի անձանց համար, ովքեր չեն կարողանում գնալ պոլիկլինիկա, կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստման գործընթացն արդեն կազմակերպվում է նաև տանը։
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ քաղաքապետարանը, առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, պատվաստումներ է իրականացվում նաև շրջիկ կետերում։
Ընդգծվում է, որ մայրաքաղաքի պոլիկլինիկաներում Հայաստան ներմուծված 4 պատվաստանյութերն էլ առկա են ու հասանելի:
«Դրանց բաղադրության, հակացուցումների մասին տեղեկությունները բաց ու հասանելի են ինչպես համացանցում, այնպես էլ նոր ուղեցույցներում:
Քաղաքացիներն իրենք են ընտրում պատվաստանյութը»,-նշում են քաղաքապետարանից:
Հավելենք՝ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ նոյեմբերի 21-ի դրությամբ հանրապետությունում կատարվել է 1110891 պատվաստում։