Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) դեսպան Միխայիլ Բոչարնիկովը ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի առաջին նիստին հայտարարել է, որ բարձր է գնահատում տարածաշրջանում «3+3» ձևաչափ ստեղծելու՝ Ադրբեջանի ու Թուրքիայի առաջարկը, և որ այն շատ կարևոր նախաձեռնություն է։
«Դրա համար կարևոր է, որ փորձագետները քննարկեն այդ բոլոր ուղղությունները։ Մենք բարձր ենք գնահատում նաև նոր ձևաչափը»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է ՌԴ դեսպանը։
«Ադրբեջանա-ռուսական ռազմավարական հարաբերությունները՝ որպես Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության զարգացման և հեռանկարների կարևոր գործոն» թեմայով նիստը կազմակերպվել է Բաքվում Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի ու Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի կողմից։
Հիշեցնենք՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թուրք-ադրբեջանական կողմն ակտիվորեն հանդես է գալիս տարածաշրջանային «3+3» ձևաչափի ստեղծման օգտին, որը պետք է ընդգրկի Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ)։ Գաղափարն աջակցություն է գտել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) կողմից։ Վրաստանը, դեմ լինելով այս ձևաչափին, առաջարկել է նոր հարթակ՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան:
Իսկ Հայաստանի դիրքորոշումը «3+3»-ին, ինչպես հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն է, որ ձևաչափը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մեր երկիրն արդեն համաձայնեցված քննարկում է այլ ձևաչափերով:
Այսօր էլ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի «վեցի նախաձեռնության» հարթակին, ու որ՝ այդ դիրքորոշումը հստակ հայտնել է թուրք, ադրբեջանցի և հայ գործընկերների հետ հանդիպմանը։