Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ։
Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարարությունը (ՊՆ)՝ հրապարակելով նահատակված հայորդիների անունները․
1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան,
պայմանագրային զինծառայողներ՝
1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան,
1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան,
1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան,
1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։
Նշվում է, որ ևս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է։
ՊՆ-ից նաև հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ և մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։
Հիշեցնենք՝ բուն ռազմական գործողությունների օրը՝ նոյեմբերի 16-ին, երբ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել էր, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց այդ պահին ճշտված տվյալներով մեկ զոհի՝ պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյանի մասին։
Նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակիցներից ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինն էլ Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 17-ի երեկոյան՝ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ։
ՊՆ-ի՝ այսօր հրապարակած զոհերի մասին մինչ այս պահը հայտնի չէր։
Ընդհանուր առմամբ՝ տեղեկացվել է, որ մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի նաև13 գերեվարված զինծառայող, 24 զինծառայողի հետ էլ, նշվել էր կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, նրանց ճակատագիրն անհայտ է։