Տնտեսվարողներին հորդորվում է «Սև ուրբաթ»-ին չմոլորեցնել գնորդներին, այլապես կտուգանվեն նախորդող տարվա հասույթի մինչև 5%-ի չափով - RadioVan.fm

Онлайн

Տնտեսվարողներին հորդորվում է «Սև ուրբաթ»-ին չմոլորեցնել գնորդներին, այլապես կտուգանվեն նախորդող տարվա հասույթի մինչև 5%-ի չափով

2021-11-18 16:29 , Общество, 953

Տնտեսվարողներին հորդորվում է «Սև ուրբաթ»-ին չմոլորեցնել գնորդներին, այլապես կտուգանվեն նախորդող տարվա հասույթի մինչև 5%-ի չափով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրեսդրության դրույթները:

Մասնավորապես, կոչ է արվում ձեռնպահ մնալ՝

-ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց,

-մինչև զեղչի հայտարարումն ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց և այլն,

-ապրանքների գնի նկատմամբ կիրառվող զեղչերի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելիս այնպիսի տվյալներ նշելուց, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կարող են մոլորեցնել հասարակությանը:

«Օրինակ՝ տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են հրապարակում այն մասին, որ առևտրի օբյեկտում գործում է զեղչ, մինչդեռ զեղչն իրականում չի կիրառվում կամ գործում է սահմանափակ կամ շատ քիչ քանակությամբ ապրանքների նկատմամբ կամ միայն որոշակի տեսականու համար»,-պարզաբանում են Հանձնաժողովից՝ հիշեցնելով, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, որի համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով:

Քաղաքացիներին հորդորվում է նմանատիպ խնդիրների բախվելիս դիմել Հանձնաժողով:

«Սև ուրբաթ» արտահայտության կիրառումը սկսվել է ԱՄՆ-ում՝ Գոհաբանության օրվան հաջորդող խցանումների պատճառով, որն, այնուհետ, ասոցացվել է մեծ զեղչերի հետ՝ ազդարարելով ամանորի զեղչերի մեկնարկը։ Գոհաբանության օրը նշվում է նոյեմբերի 4-րդ ուրբաթ օրը, դրա համար «Սև ուրբաթ»-ն ընկնում է նոյեմբերի 23-30 ժամանակահատվածում։

Վերջին տարիներին արդեն սևուրբաթյան զեղչերի ու ակցիաների մասին հայտարարում են Հայաստանում գործող խանութները, առևտրի կենտրոնները։

Лента

Рекомендуем посмотреть