ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել ՀՀ պետբյուջեի մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Որոշման ընդունումը պայմանավորված է 2021թ. հունվարի 1-ի և 2021/2022 ուսումնական տարվա սկզբի դրությամբ հանրակրթական դպրոցների աշակերտների թվի՝ ներառյալ նախադպրոցական և ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաների թվի, ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչների փաստացի թվի վերաբերյալ տրամադրված տվյալների հիման վրա ՀՀ 2021 թ. պետբյուջեով կրթության ոլորտի գծով նախատեսված ծախսերում վերահաշվարկի կատարման արդյունքները պետական բյուջեում սահմանված կարգով արտացոլման անհրաժեշտությամբ:
Ըստ հիմնավորման՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության, ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացրած տվյալների համաձայն ՀՀ 2021 թ. պետբյուջեով կրթության ոլորտի գծով նախատեսված ծախսերում ընդհանուր տնտեսված միջոցները կազմում են 3,336,442.1 հազար դրամ:
Նախատեսվում է պետական բյուջեի «Կրթության որակի ապահովում» ծրագրի «Ատեստավորման նոր համակարգի ներդրում՝ ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը» միջոցառման հատկացումները բաշխել ըստ կատարողների (ԲՍԿ-ների):
Միջոցառման շրջանակներում 2021 թվականի սեպտմբերի 18-ին, 19-ին, 25-ին և 26-ին անցկացվել է ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքի ստուգում՝ 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն, հայ գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն առարկաները դասավանդող ուսուցիչների համար: «Ատեստավորման նոր համակարգի ներդրում` ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը» միջոցառման շրջանակներում ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքի ստուգման նպատակով հայտ ներկայացրած 1372 ուսուցչից ատեստավորմանը մասնակցել են 996-ը, որոնցից 478 ուսուցիչ հաղթահարել են 70 միավորի շեմը և կստանան 30-50 տոկոս հավելավճար: Սակայն գումարը հաշվարկվել է 10 տոկոսի շեղումով՝ 515 ուսուցչի համար, քանի որ առկա են եղել բողոքարկումներ: Բացի այդ հավելավճարները հաշվարկվել են միջին աշխատավարձի (125 000 դրամ) հիման վրա, սակայն վճարումները իրականացվելու են փաստացի աշխատավարձերի հիման վրա, որոնք ներկայումս ճշտվում են:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում 2022 թվականին ուսուցիչների ատեստավորման գործընթացը կազմակերպելու համար:
«Մյուս տարի գործընթացին կարող են մասնակցել 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներն ըստ բոլոր առարկաների: Նախատեսում ենք, որ ավելի քան 5000 ուսուցիչ եկող տարվա արդյունքում կստանա հավելավճար: 2022 թվականի պետբյուջով այդ նպատակի համար նախատեսվել է 1,3 մլրդ դրամ»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այս տարի կամավոր ատեստավորված ուսուցիչների հավելավճարի համար կհատկացվի 77 մլն դրամ: