«Հերթական անգամ ռազմավարական նշանակության դիրքեր է հանձնվել ադրբեջանցիներին»,-այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ նշելով, որ այդ փաստից փորձ է արվում շեղել «գերի հանձնվել-չհանձնվելու» մասին քննարկումներով։
«Ադրբեջանցիներն, ըստ էության, 2020 թվականի նոյեմբերից սկսած՝ հետևողական ու նպատակաուղղված ձևով մի քանի տեղից կտրում են Սյունիքը Հայաստանից։
Այս անգամ, օրինակ՝ պլացդարմ են զբաղեցրել, որով կարող են ինչ-որ հարմար պահի դուրս գալ հիմնական ճանապարհի վրա՝ Սիսիանի խաչմերուկի հատվածում, և դրանով կտրել Սյունիքը (ու նշանակում է՝ նաև Արցախը) ՀՀ-ի մնացած մասից։
Ընդ որում հարձակումների համար այդ խոցելի տեղերի մասին, ադրբեջանցիների այս «խեղդող ծավալման» քաղաքականության մասին բազմիցս զգուշացվել է դեռևս անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերից, զգուշացվել է 2021-ի մայիսից առաջ և առավել շատ՝ մայիսից հետո։
Ոչ մի պաշտոնյա, ոչ մի իշխանական քարոզիչ չի կարող պնդել, որ կատարվածն անսպասելի էր։
Կրկնում եմ. 3-4 օր առաջ թշնամին հնարավորություն է ստացել Սյունիքը ևս մեկ տեղից կտրելու և Նախիջևան դուրս գալու։ Ստացել է շնորհիվ Իլհամ Ալիևի կամակատարի, որը տիրացել է ՀՀ-ում իշխանությանը։
Սա է №1 թեման, որը հիմա պետք է քննարկվի և բացատրվի բոլոր նրանց, ովքեր դա անկեղծ չեն հասկանում»,-մասնավորապես գրել է Վրթանեսյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 16-ին ժամեր շարունակ ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ հայկական դիրքերի՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ գնդակոծման հետևանքով հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել։