Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր՝ նոյեմբերի 18-ին, երկօրյա աշխատանքային այցով կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին․ հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի գործադիր մարմնի հաղորդագրությանը։ Նկատենք՝ Միշուստինի այցը տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ֆոնին. երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում էին սանձազերծել ՀՀ արևելյան սահմանագոտում, տեղի են ունեցել ինտենսիվ մարտեր, հայկական կողմը կորցրել է 2 մարտական դիրք։
Նոյեմբերի 18-19-ը Երևանում տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության հաղորդմամբ՝ նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր,
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը։