Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Այդ մասին այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)։
Միաժամանակ հաղորդվում է, որ այսօր՝ 10։00-ի դրությամբ, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների՝ ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ ժամը 13։00-ից սկսած հայկական դիրքերը գնդակոծելու օրը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե հայկական կողմը մի քանի ուղղություններով՝ այդ թվում Տավուշի, գնդակոծում է իրենց դիրքերը։ ՀՀ ՊՆ-ն հերքել էր ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Բաքվի լուրերը, հայտարարելով՝ առավել քան ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել՝ գրոհելով հայկական դիրքերը՝ հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ։