Այսօր՝ նոյեմբերի 17-ի երեկոյան, Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) սադրանքից հետո ծավալված մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողի մարմին:
Այդ մասին տարածած հաղորդագրությամբ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ նշելով, որ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նախորդ օրը ծավալված մարտերի մանրամասները, ինչպես նաև տվյալներ հաղորդել գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքները ինչպես գերեվարված զինծառայողների վերադարձի, այնպես էլ մարտի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ: