«Միջանցքի բացման ստույգ ժամկետը նշելը վաղաժամ է, սակայն գործընթացը գնում է, թեև դժվարությամբ»․ Բայրամովը՝ հակասական հայտարարություններով - RadioVan.fm

Онлайн

«Միջանցքի բացման ստույգ ժամկետը նշելը վաղաժամ է, սակայն գործընթացը գնում է, թեև դժվարությամբ»․ Բայրամովը՝ հակասական հայտարարություններով

2021-11-17 16:45 , Политика, 1224

«Միջանցքի բացման ստույգ ժամկետը նշելը վաղաժամ է, սակայն գործընթացը գնում է, թեև դժվարությամբ»․ Բայրամովը՝ հակասական հայտարարություններով

«Եթե Երևանը չհետևի միջազգային իրավունքի նորմերին ու Ադրբեջանի ազգային անվտանգության դեմ քայլեր ձեռնարկի, ապա Բաքուն չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ պատասխան գործողությունները»,-այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Ջեյհուն Բայրամովը՝ թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։

Նա, միաժամանակ, նշել է, թե ներկա պահին կարելի է խոսել երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, ու որ՝ Ադրբեջանը դրան պատրաստ է։

«Չնայած հայտարարության բազմաթիվ կետերի կատարմանը՝ դեռևս մնում են չլուծված հարցեր։ Ադրբեջանը հարցին մոտենում է կառուցողական ու դրական»,-ասել է Բայրամովը։

Խոսելով Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի համար անհրաժեշտ չափանիշների մասին՝ Բայրամովը դրանցից գլխավորը համարել է միջազգային իրավունքի նորմերի համաձայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստը հաշվի առնելը։

«Հայաստանը պարտավոր է ականջալուր լինել երկխոսության կոչին։ Որքան շուտ Երևանը դա անի, հարգի հարևան պետություններին և ճանաչի նրանց սահմանները, այնքան շուտ կլուծվեն խնդիրները»,-ասել է Բաքվի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը՝ ընդգծելով, որ «Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը բխում է նաև Հայաստանի և հայ ժողովրդի շահերից»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտնել է նաև, որ տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների բացման շուրջ բանակցությունները շարունակվում են, թեև, նրա գնահատմամբ, կոնկրետ քայլեր չեն իրականացվել։

«Հուսով ենք, որ հայկական կողմը մոտ ժամանակներս կընկալի հարցի կարևորությունը։ Համատեղ հայտարարությունների տակ դրված է հայկական կողմի ստորագրությունը, ինչը պարտավորություններ է դնում Երևանի վրա»,-ասել է Բայրամովը՝ շեշտելով, թե եռակողմ հայտարարությունը չի վերաբերվում միայն Ադրբեջանին և Հայաստանին, այլև այդ փաստաթուղթը շոշափում է ողջ տարածաշրջանի շահերը։

Բայրամովը նաև նշել է, որ անհրաժեշտ է լուծել սահմանազատման խնդիրը, ձևավորել համատեղ հանձնաժողով ու սկսել դելիմիտացիայի գործընթացը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման սկզբունքի հիման վրա։

«Այդ գործընթացի մեկնարկով սահմանին լարվածությունը կթուլանա»,-համոզմունք է հայտնել Բայրամովը։

Անդրադառնալով, այսպես կոչված, թուրք-ադրբեջանական պարբերաբար շրջանառվող «Զանգեզուրի միջանցք»-ի բացման թեզին, Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, թե «Ադրբեջանին ու Նախիջևանին կապող այդ տրանսպորտային երթուղով կձևավորվի Թուրքիայից ճանապարհ դեպի եվրոպական շուկաներ, այն կդառնա նաև ճանապարհ Թուրքիայից դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ»։

Հավելենք, սակայն, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններով որևէ միջանցքի մասին խոսք չկա, ինչի մասին շեշտում են նաև մեր երկրի իշխանությունները։

Բայրամովի խոսքով, մինչդեռ, «միջանցք»-ի ստեղծման ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում։

«Տարածաշրջանում անհրաժեշտ է վերականգնել ճանապարհային և երկաթուղային կապերը․․․Եթե եռակողմ հայտարարության կետերը կյանքի կոչվեն, ապա միջանցքի բացումը երկար չի սպասեցնի։ Միջանցքի բացման ստույգ ժամկետը նշելը վաղաժամ է, սակայն գործընթացն գնում է, թեև դժվարությամբ»,-ասել է Բայրամովը՝ հակասելով ինքն իրեն։

Лента

Рекомендуем посмотреть