Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Սպանդարյանի բազալտի հանքավայրի շահագործման նախագիծը մերժելու պահանջով՝ «ԷկոԼուր», «Հայաստանի անտառներ», «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Կանաչ Հայաստան», «Բնապահպանական հասարակական միություն», «Գոյ», «Յանուս» հասարակական կազմակերպությունների և Երևանի մի խումբ բնակիչների նամակին։
«ԷկոԼուր»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանը պատասխան նամակում նշել է.
«Երևան քաղաքում շահագործվում է թվով 22 ոչ մետաղական հանքավայր՝ բազալտ, գիպսատար կավ, քարաղ:
Առաջիկայում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում կհրապարակվի դրանց տեղակայման քարտեզը:
Գրեթե բոլոր հանքավայրերը մոտ են գտնվում քաղաքի բնակելի թաղամասերին: Հանքավայրերի շահագործումն իրականացվում է բաց եղանակով և ուղեկցվում է ռելիեֆի էական փոփոխություններով, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություններով. առաջանում են մինչև 10 մ և ավելի խորության գոգավորություններ և փոսորակներ, որոնց պատճառով ձևավորվում են լանջային պրոցեսներ, սողանքներ, փլվածքներ, տեխնածին գրունտներ, կատարվում են ջրային ռեսուրսների ձևավորման և տեղաբաշխման փոփոխություններ, հողի և մթնոլորտային օդի էական աղտոտումներ:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ Երևան քաղաքում վերջին տարիներին փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ) ցուցանիշները հաճախ էապես (մի քանի անգամ) գերազանցվել են: Միաժամանակ, գործող հանքավայրերի մոտակայքում, չնայած առկա ակնհայտ և զգալի աղտոտվածությանը, մշտադիտարկման տվյալներ առկա չեն:
Հաշվի առնելով վերը նշվածը, և քաղաքում հանքավայրերի շահագործման վերաբերյալ բնակչության և մասնագիտական հանրույթի շրջանում գերակշռող բացասական կարծիքները՝ գործող քաղաքային իշխանությունների պաշտոնավարման օրոք համայնքի անունից մերժվել են նոր հանքավայրերի շահագործման բոլոր հայտերը:
Ներկայում Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է գործող և լքված հանքավայրերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հետազոտության իրականացում՝ Երևան քաղաքում հանքավայրերի շահագործման հետևանքով առկա էկոլոգիական վիճակը պարզելու նպատակով: Միաժամանակ, ներկայում իրականացվում են ծավալուն աշխատանքներ գործող հանքավայրերի վարձակալության պայմանագրերի ստուգման և ճշգրտման, ինչպես նաև լքված հանքավայրերի ռեկուլտիվացման աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ՝ համագործակցելով պետական լիազոր մարմինների հետ»։