ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը․ ԱԳՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը․ ԱԳՆ խոսնակ

2021-11-17 12:44 , Политика, 876

ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը․ ԱԳՆ խոսնակ

«Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը»,-անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ լրատվամիջոցների հարցին՝ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

ԱԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նա նաև նշել է, որ Հայաստանը անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ՝ հիշեցնելով, որ ՀՀ վարչապետը և Ռուսաստանի նախագահը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին ներկայացրել է իրավիճակը:

«Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք՝ երեկ՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը, կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ժամը 15։00-ի տվյալով նշվել էր, որ հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ, իսկ հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են, այդ պահին հստակ հայտնի էր 4 վիրավորի մասին։

Ժամը 16։00-ի տվյալով հաղորդվեց, որ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հայտնի է երկու մարտական դիրքի կորստի մասին։

17։00-ի դրությամբ հաղորդվեց, որ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում կրկին ծայրահեղ լարված է մնում, մարտերի ինտենսիվությունը չի թուլացել: Միաժամանակ տեղեկացվեց ՀՀ ԶՈւ 12 զինծառայողի՝ 7 պայմանագրայինի և 5 ժամկետայինի գերեվարման մասին:

21:45-ին տարածած հաղորդագրությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Տեղեկացվեց, որ այդ պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան, իսկ վիրավորների թիվը ճշտվում է։

Այսօր առավոտյան տարածած հաղորդագրությամբ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց, որ ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա Ադրբեջանի զինուժը նախորդ օրը լայնածավալ հարձակում էր գործել, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Միաժամանակ տեղեկացվեց, որ մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող, 24 զինծառայողի հետ էլ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, նրանց ճակատագիրն անհայտ է։ Նշվեց, որ զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

Лента

Рекомендуем посмотреть