ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիան խորը մտահոգությունն է հայտնել «Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում անվտանգային իրավիճակի վատթարացման և ծանր զրահատեխնիկայի ենթադրյալ կիրառման առնչությամբ, ինչը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել, հատկապես՝ հայկական կողմից»։
Այս մասին ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) տարածած հայտարարությունում։
Պաշտոնական Փարիզը կողմերին կոչ է անում հարգել հրադադարը, որի հանձնառությունը, նշվում է, նրանք ստանձնել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
«Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան հիշեցնում է համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարության մասին, որը կոչ է անում անհապաղ թուլացնել լարվածությունն ու ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր չլուծված հարցերի շուրջ։ Ֆրանսիան ընդգծում է, որ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը պետք է իրականացվի բանակցությունների միջոցով»,-ասված է Ֆրանսիայի ասվում էհայտարարությունում։
Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը, ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ժամը 15։00-ի տվյալով նշվել էր, որ հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ, իսկ հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են, այդ պահին հստակ հայտնի էր 4 վիրավորի մասին։
Ժամը 16։00-ի տվյալով հաղորդվեց, որ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ու որ՝ հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։
17։00-ի դրությամբ հաղորդվեց, որ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, մարտերի ինտենսիվությունը չի թուլացել: Միաժամանակ տեղեկացվեց ՀՀ ԶՈւ 12 զինծառայողի՝ 7 պայմանագրայինի և 5 ժամկետայինի գերեվարման մասին:
21:45-ին տարածած հաղորդագրությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Տեղեկացվեց, որ այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան, իսկ վիրավորների թիվը ճշտվում է։