Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Ելնելով ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունից, ՀՀ պետական սահմանների արևելյան մի շարք հատվածներում պատերազմական իրադրությունից, ադրբեջանական զորքերի՝ Սիսիանի պարանոցով առաջխաղացման և հայկական կողմի ունեցած կորուստների փաստից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գումարել է հրատապ նիստ։ Առաջիկա անելիքների և կայացված որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:
Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը, ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ժամը 15։00-ի տվյալով նշվել էր, որ հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ, իսկ հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են, այդ պահին հստակ հայտնի էր 4 վիրավորի մասին։
Ժամը 16։00-ի տվյալով հաղորդվեց, որ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ու որ՝ հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։
ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ), հերքելով մի քանի ուղղություններով ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Բաքվի լուրերը, հայտարարել է՝ առավել քան ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել՝ գրոհելով հայկական դիրքերը՝ հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ։