Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ նշելով, որ ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Ընդգծվում է, որ հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։
«Հայկական ԶՈւ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը, ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ժամը 15։00-ի տվյալով նշվել էր, որ որ հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ, իսկ հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են, այդ պահին հստակ հայտնի էր 4 վիրավորի մասին։