«Ադրբեջանական զինված ուժերը բացահայտ ահաբեկչական հարձակում են սկսել ՀՀ նկատմամբ, այդ թվում՝ Սյունիքի մարզի որոշ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ: Նրանց արարքներն ի սկզբանե հանցավոր են, կազմում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականության մասը»,-այդ մասին տարածած հայտարարությունում շեշտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա հիշեցնում է, որ ադրբեջանական զինված ուժերը (ԶՈւ) պատերազմից հետո ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ բնակավայրերի հարևանությամբ ու ինքնիշխան տարածքում, ու այդ ժամանակից սկսած տարբեր ժամանակաշրջաններում զբաղված են պարբերական հանցագործություններով, այդ թվում՝ ահաբեկչական արարքներով. կրակում են բնակավայրերի ուղղությամբ, իրական վտանգ են քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, հրդեհում են արոտավայրեր ու խոտհարքեր, նրանց արարքների պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը և այլն։
«ՀՀ զինծառայողները պաշտպանում են ՀՀ բնակչության կյանքն ու առողջությունը ադրբեջանական հանցավոր արարքներից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է հրատապ ուսումնասիրություններ՝ կապված նոյեմբերի 14-ից ադրբեջանական ահաբեկչական բնույթի արարքների հետ:
Որոշ տվյալներով հաղորդվում է ՀՀ 6 զինծառայողներ գերեվարելու մասին. սա բացահայտ անօրինական արարք է, քան որ ադրբեջանական զինծառայողների տեղակայումներն ու արարքներն են ի սկզբանե առանց իրավական հիմքերի են (unlawful):
Ադրբեջանական իշխանությունները կրում են ողջ պատասխանատվությունը իրենց ի սկզբանե անօրինական, ահաբեկչական արարքներով ՀՀ զինծառայողների կյանքի ու առողջության ցանկացած վնասի համար:
Իրավիճակի մասին Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդումներ է ուղարկում միջազգային հանրությանը»,-ասված է ՄԻՊ հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ, ըստ Անվտանգության խորհդի՝ երեկ տարածած հայտարարության, նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:
Այսօր էլ՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ծայրահեղ լարված իրադրությունը ժամը 15։00-ի դրությամբէական փոփոխություններ չի կրել, ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Նշվել է, որ հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ, իսկ հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են, այդ պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։